Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտորի նախկին պաշտոնակատար Ռուբեն Հայրապետյանը դատի է տվել կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը: Հայրապետյանը պահանջում է ոչ իրավաչափ ճանաչել ամիսներ առաջ իր գիտական ատենախոսությունն ուսումնասիրող հանձնաժողով ստեղծելու մասին հրամանը, ինչպես նաև այդ հանձնաժողովի եզրակացությունը, հաղորդում է Armtimes.com-ը:

Ռեկտորի նախկին պաշտոնակատարի խոսքով՝ մեծ անարդարություն է տեղի ունեցել:

«Առանց որևէ իրավական կարգավորման ստեղծվում է մի անհասկանալի հանձնաժողով, որտեղ ներառվում են մարդիկ, ովքեր շահերի ակնհայտ բախում ունեն, ընդհուպ՝ մինչև մարդ, ում ընտանիքի անդամը չէր հաղթահարել մրցույթը համալսարանում»,- ասել է ՀՊՏՀ նախկին ղեկավարը՝ հավելելով, որ հասկանալի չէ, թե ինչպիսի իրավական գործընթացով է կարգավորվել անդամների ընտրությունը, բայց այդ մարդիկ ակնհայտ բացասաբար էին տրամադրված իր նկատմամբ:

Հայրապետյանը նշել է, որ այդ եզրակացությունն իր համբավի վրա ևս հետևանք է ունեցել, իսկ առաջացած խնդիրները նախկին համակարգի անորոշ ու ոչ հստակ, շատ դեպքերում բացակայող պահանջների հետևանք է: Ռեկտորի նախկին պաշտոնակատարը նշել է, որ գրագողության մասին խոսելն ընդունելի չէ, քանի որ առկա օրենսդրությամբ կարգավորված չէ «գրագողություն» հասկացությունը: