Գեղարքունիքի մարզի Գեղաքար համայնքի դպրոցը միացավ Խաչաղբյուր գյուղի Կ. Գևորգյանի անվան միջնակարգ դպրոցին։ Նման որոշում այսօրվա նիստին կայացրեց Կառավարությունը։

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հաղորդմամբ՝ Գեղաքարում սովորում է երկու աշակերտ: Ուսուցիչների, վարչական և սպասարկման անձնակազմը 9 հոգի է: «Գեղաքար համայնքի բնակիչների և դպրոցահասակ երեխաների թվաքանակի նվազեցման և ուսուցիչների պակասի պատճառով «Գեղարքունիքի մարզի Գեղաքար գյուղի հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունում խաթարվում է բնականոն հանրակրթական ուսուցումը, դասարանները կոմպլեկտավորում են ոչ լիարժեք»,- հայտնել է նախարարությունը։

Կկազմվի նախահաշիվ՝ Գեղաքարի երկու աշակերտներին Խաչաղբյուր տեղափոխելու համար։ Միաձուլման արդյունքում տարեկան տնտեսվելու է շուրջ 15.4 մլն դրամ։