ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն անցկացնում է ՀՀ «Տարվա 10 լավագույն մարզիկներ» 2019 թվականի մրցույթը: Տարվա տասը լավագույն մարզիկները որոշվելու են SMS քվեարկության, նախարարությունում գրանցված ՀՀ հավաքական թիմերի մարզիչների (ՀՀ մարզաձևերի ֆեդերացիաների ներկայացուցիչները) և մրցույթի քվեարկության համար հավատարմագրված լրագրողների քվեարկության արդյունքների համադրմամբ (նշված երեք բաղադրիչներից յուրաքանչյուրը կազմում է մրցույթի ընդհանուր արդյունքի մեկ երրորդ մասը):

Այս մասին հայտնում է նախարարության պաշտոնական կայքը:

Մրցույթի SMS քվեարկությունը մեկնարկել է դեկտեմբերի 12-ից (ժամը` 10:00-ից) կտևի մինչև դեկտեմբերի 25-ը (մինչև ժամը` 18:00-ն), իսկ հավատարմագրված լրագրողների և մարզիչների քվեարկությունն անցկացվելու է դեկտեմբերի 25-ին` մինչև ժամը 18:00-ն: Էլեկտրոնային քվեարկությունը կատարվում է մրցույթի մասնակիցներից մեկ մարզիկի անհատական համարի նշումով` 10-41 կարճ համարին SMS հաղորդագրություն ուղարկելու միջոցով: Ընդ որում, քվեարկության համար սահմանված ժամանակահատվածում մեկ հեռախոսահամարից հնարավոր է ուղարկել միայն մեկ SMS հաղորդագրություն:

Լրագրողները և մարզիչները իրականացնելու են մրցույթի մասնակիցներից առավելագույնը տասը մարզիկների անհատական համարների նշումով և լավագույն տասնյակի հերթականության դասավորմամբ ուղղակի քվեարկություն (բաց քվեարկություն` արդյունքների հրապարակմամբ):

«Տարվա 10 լավագույն մարզիկներ» մրցույթի մասնակիցների շրջանակը որոշվում է հետևյալ ընթացակարգով.

1.ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը մինչև դեկտեմբերի 12-ը` հրապարակման համար, ՀՀ «Տարվա 10 լավագույն մարզիկներ» մրցույթի կազմակերպչական աշխատանքներն իրականացնող հանձնաժողովին է ներկայացնում 2019 թվականի ընթացքում օլիմպիական մարզաձևերից և ոչ օլիմպիական ուշու, սամբո և շախմատ մարզաձևերով մարզական բարձր ցուցանիշներ արձանագրած և ՀՀ ԿԳՄՍ նախարարի հրամանով հաստատված չափորոշիչներին համապատասխան ամենաբարձր միավորներն ունեցող 20 մարզիկների անվանացանկը (20-րդ տեղում հավասար միավորների դեպքում ընդգրկվում են հավասար միավորներ ունեցող բոլոր մարզիկները):

2. ՀՀ մարզաձևերի ֆեդերացիաները (օլիմպիական մարզաձևեր և ոչ օլիմպիական մարզաձևերից ուշու, սամբո և շախմատ) մինչև դեկտեմբերի 10-ը մրցութային անվանացանկում ներառելու նպատակով հանձնաժողովին են ներկայացնում 1-3 մարզիկի թեկնածություն, ովքեր ընթացիկ տարում ունեցել են նշանակալի մարզական հաջողություններ և նվաճումներ (օլիմպիական խաղերում, աշխարհի և Եվրոպայի առաջնություններում, Եվրոպական խաղերում, շախմատի համաշխարհային օլիմպիադայում և համաշխարհային ուսանողական խաղերում), գրավել են մրցանակային տեղեր, խաղային մարզաձևերում ցուցաբերել են անհատական հաջողություններ և իրենց մրցելույթներով Հայաստանն ու հայ ժողովրդին ավելի ճանաչելի են դարձրել, նպաստել Հայաստան-Արցախ-Սփյուռք կապերի ամրապնդմանն ու զարգացմանը:

Ֆեդերացիաների կողմից մրցույթի մասնակիցների թեկնածություններ չառաջադրվելու դեպքում տվյալ մարզաձևից թեկնածություններ առաջադրելու լիազորությունը վերապահված է հանձնաժողովին:

Նշենք՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարի հրամանով հաստատված չափորոշիչներին համապատասխան` նախարարության կողմից մրցույթին մասնակցելու համար ներկայացված մարզիկների և ՀՀ մարզաձևերի ֆեդերացիաների (օլիմպիական մարզաձևեր և ոչ օլիմպիական մարզաձևերից ուշու, սամբո և շախմատ) հայտերով ներկայացված մարզիկների անուն-ազգանունների 23 համընկնում է եղել, այսինքն` երկու ցուցակով էլ ներկայացվել են նույն մարզիկները, բացառություն են կազմել ֆեդերացիաների ներկայացրած երկու մարզիկ:

Արդյունքում` ՀՀ «Տարվա 10 լավագույն մարզիկներ» 2019 թվականի մրցույթին մասնակցող մարզիկների անվանացանկը կազմված է 25 մարզիկից: