Ֆինանսների փոխնախարար Արման Պողոսյանն այսօր խորհրդարանում ասել է․

«Կոնվենցիան հարկային մարմինների միջև փոխադարձ վարչական օգնության 3 հիմնական ուղղություններ է պարունակում»։

Նշենք, որ խորհրդարանն այսօր արտահերթ կարգով քննարկում է «Հարկային հարցերով փոխադարձ վարչական աջակցության մասին կոնվենցիան փոփոխված վավերացնելու մասին» օրենքի նախագիծը։

Առաջին ուղղությունը, ըստ Պողոսյանի, տեղեկությունների փոխանակումն է, որի իրացման համար 3 հիմնական ընթացակարգեր են նախատեսված․

«Առաջին մակարդակում հարցումների միջոցով տեղեկությունների փոխանակումն է։ Այսինքն՝ այս կամ այն երկրի հարկային մարմնից որևէ հարկ վճարողի վերաբերյալ տեղեկություն ստանալու համար կատարվում է հարցում և ակնկալվում է պատասխանի ստացում։ Երկրորդ եղանակը տեղեկությունների ավտոմատ փոխանցման տարբերակն է, ըստ որի կոնվենցիայի կողմերը կարող են փոխադարձության եղանակով գալ համաձայնության և տեղեկությունները փոխանցել։ Եվ երրորդը՝ տեղեկությունների ինքնաբերաբար փոխանցման տարբերակը։ Այս դեպքում տեղեկությունները, նախաձեռնողականության սկզբունքով արդեն իսկ փոխանակվելու են»։

Համագործակցության երկրորդ ուղղությունը վերաբերում է բռնագանձման ընթացակարգերին։

Պողոսյանի խոսքով, այս դեպքում հարկային մարմինները կարողանում են փոխադարձաբար վարչական օժանդակություն և օգնություն ցուցաբերել այս կամ այն երկրի քաղաքացու կամ հարկ վճարողի նկատմամբ՝ պարտավորությունների կատարումն ապահովող այս միջոցը կիրառելու հարցում։

Եվ վերջին՝ երրորդ ուղղությունն, ըստ էության, փաստաթղթերի հանձնումն է.

«Սա ենթադրում է, որ հարկային մարմինները փոխադարձաբար մեկը մյուսին օգնելու են իրենց կողմից այս կամ այն հարկ վճարողին հասցեագրված փաստաթղթերը իրենց կողմից տեղորոշված ճանաչված հասցեով տեղ հասցնելուն»։

Համաձայնագիրն ունի նաև 3 հավելվածներ, որոնցից յուրաքանչյուրն ունի կոնկրետ բովանդակություն։ Առաջին հավելվածում յուրաքանչյուր երկիր նշում է, թե որ հարկատեսակների նկատմամբ է համաձայնագիրը կիառելի։

«Իհարկե, էստեղ երկրները չունեն բացարձակ ազատություն, նրանք ընտրում են կոնվենցիայով նախատեսված համապատասխան հարկատեսակներից իրենց երկրում կիրառելի հարկատեսակները»,- նշում է Արման Պողոսյանը։

Երկրորդ հավելվածը վերաբերում է կոնվենցիան կիրառող կողմի լիազոր մարմիններին. դրանք հիմնականում հարկային մարմիններն են։

«Եվ երրորդ հավելվածը ազգային եզրույթն է բացահայտում։ Մասնավորապես՝ այստեղ խոսքը քաղաքացիության մասին է, և նաև ռեզիդենտության մասին, եթե գործ ունենք ֆիզիկական անձանց հետ։ Այստեղ երկրները հայտարարում են, թե ում նկատմամբ են հատկապես այս համաձայնագիրը կիրառում՝ իրենց քաղաքացիների, թե ռեզիդենտների»,- նշել է Արման Պողոսյանը։