3 տարվա ընթացքում ոստիկանության բաժինների մուտքերն ու ելքերը, հարցաքննությունների համար օգտագործվող սենյակները կապահովվեն տեսախցիկներով։

Ազգային ժողովը դեկտեմբերի 12-ի նիստում ընդունել է ոստիկանության ներկայացրած նախագիծ, որով նախատեսվում է կանխել խոշտանգումները ոստիկանության բաժիններում։ Ոստիկանության պետի տեղակալ Տիգրան Եսայանը հայտնել է որ այս տարվա ընթացքում նախատեսում են այդպիսի տեսախցիկներ տեղադրել Երևանի 11 բաժիններում։

«Իմ քայլի» պատգամավորներից Սերգեյ Ատոմյանը, որը նախկին քննիչ է, նախագծի քննարկման ժամանակ նշել է, թե ցանկության դեպքում մարդուն կարելի է խոշտանգել այլ տեղում և հետո բերել հարցաքննության սենյակ։

Փոխոստիկանապետ Եսայանն արձագանքել է, որ իրենք փորձում են սահմանափակել դրա հնարավորությունը։

Ազգային ժողովի երեք խմբակցությունների կողմ ձայներով նախագիծն ընդունվեց առաջին ընթերցումով։