Ազգային անվտանգության ծառայությունը օպերատիվ ստորաբաժանումների իրականացրած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում բացահայտել է կեղծ դեղերի պատրաստման և իրացման հերթական դեպքը:

Մասնավորապես, Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնում ՀՀ ազգային անվտանգության ծառայությունից փոխանցված տվյալների հիման վրա 2019թ. սեպտեմբերի 18-ին հարուցվել է վարչական վարույթ, որի շրջանակներում տեսչական մարմնի աշխատակիցները Երևան քաղաքում գործող անհատ ձեռնարկատիրոջը պատկանող դեղատանը իրականացրել են զննում: Արդյունքում հայտնաբերվել է «Ֆլուկոնազոլ-Աստերիա» 150 մգ N 2 տեսակի դեղամիջոցը, ինչը հետազոտման նպատակով ուղարկվել է ՀՀ առողջապահության նախարարության ենթակայության տակ գործող փորձագիտական կենտրոններից մեկը՝ փորձաքննության:

Եզրակացության համաձայն՝ հայտնաբերված դեղամիջոցը չի համապատասխանել «Դեղերի մասին» ՀՀ օրենքով նախատեսված պահանջներին:

Դեպքի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում համապատասխան հոդվածով հարուցվել է քրեական գործ:

Ազգային անվտանգության ծառայությունը ևս մեկ անգամ հորդորում է դեղատնային գործունեությամբ զբաղվող տնտեսվարող սուբյեկտներին արտադրել, ներմուծել, բաշխել, բաց թողնել, իրացնել և կիրառել այն դեղերը, որոնք գրանցված են Հայաստանի Հանրապետությունում, բացառությամբ «Դեղերի մասին» օրենքով սահմանված մի շարք դեպքերի:

Ազգային անվտանգության ծառայության կողմից իրականացված նշված միջոցառումները կրելու են շարունակական բնույթ՝ նմանատիպ դեպքերը հետագայում բացառելու համար: