Պետական վերահսկողական ծառայությունն ամփոփել է «Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն» ՓԲԸ-ում իրականացված ուսումնասիրության արդյունքները:

Ծառայությունից հայտնում են, որ իրականացվել է ֆինանսատնտեսական գործունեության օրինականության և արդյունավետության վերահսկողություն, որի արդյունքում համակարգային խախտումներ են արձանագրվել գնումների գործընթացներում: Ընդհանուր չարաշահումների ծավալը կազմել է 1.2 մլրդ դրամ:

Ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ մշտապես իրականացվել են ծախսեր շահագործման ժամկետն անցած վագոնների վերանորոգման նպատակով, այն դեպքում, երբ նշված միջոցների շրջանակներում հնարավոր էր ձեռք բերել նոր, ժամանակակից վագոններ:

Մասնավորապես, 2011-2018թթ-ի ընթացքում շահագործման ժամկետն անցած 80-ականների արտադրության հնացած վագոնների վերանորոգումների և պահեստամասերի ձեռքբերման նպատակով կատարվել է շուրջ 8.5 մլրդ. դրամի ծախս կամ մեկ վագոնի վրա միջինը շուրջ 300 մլն դրամի ծախս, այն դեպքում, երբ շուրջ 600 մլն դրամով հնարավոր էր ձեռք բերել ժամանակակից, էներգախնայող, հաճախակի վերանորոգումներ չպահանջող եվրոպական արտադրության վագոններ:

Ըստ աղբյուրի, ուսումնասիրության արդյունքում առերևույթ հանցագործության հատկանիշներ պարունակող տեղեկատվության առկայության պատճառով արդյունքները ներկայացվել են դատախազություն: