ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը, ամփոփելով անցնող տարին, անդրադարձել է աղքատության հաղթահարմանը: Նա նշել է, որ պետությունը պետք է հնարավորություններ ստեղծի, որպեսզի մարդիկ կարողանան բացահայտել իրենց աշխատանքային գործունեության ունակություններն ու կարողությունները:

Ինչ վերաբերում է աշխատաշուկայում առկա առաջարկին ու պահանջարկին, ապա գերատեսչության ղեկավարի տվյալներով՝ 4000 թափուր աշխատատեղ է հավաքագրվել: Բայց այդ տեղերի համալրման լուրջ խնդիր կա: Եվ ոչ բոլոր դեպքերում է, որ խնդիրը ոչ բավարար աշխատավարձն է լինում, հայտնում է Shantnews.am-ը:

«Աշխատավարձը 150 հազար և ավելի բարձր է»,- տեղեկացրել է Բաթոյանը՝ ավելացնելով նաև, որ ավելի ցածր վարձատրվող աշխատանքներ էլ կան: Բայց հիմնական խնդիրը, նրա խոսքերով, մասնագիտական հմտությունների ու ցանկության հարցն է:

Նախարարը գերատեսչության գործունեության 3 սկզբունք է մատնանշել՝ իրական կարիքների գնահատում համապատասխան ծառայություններ տրամադրելու համար, հավասար հնարավորությունների ստեղծմանը միտված քաղաքականության մշակում, ծրագրերի բավարար չափով փոխկապակցվածություն: Հատկապես վերջինը նախարարն առաջիկայի համար կարևոր սկզբունք է համարում: