Քիք բռնցքամարտի «Glory» մրցաշարի շրջանակում հայաստանցի Հարութ Գրիգորյանը պատասխան մենամարտ է անցկացրել հոլանդացի Մյուրտել Գրոենհարտի հետ և նվաճել աշխարհի չեմպիոնի տիտղոսը միջին քաշային կարգում:

Հայ մարզիկը հենց առաջին ռաունդում նոկաուտի է ենթարկել հոլանդացուն, իսկ մենամարտը տևել է 1 րոպե 50 վայրկյան:

Նշենք, որ հայ-բելգիացի մարզիկը 29 տարեկան է, ծնունդով ՀՀ Արագածոտնի մարզի՝ Թալին քաղաքից է։ Գրիգորյանը որպես մարզիկ հայտնի է դարձել Բելգիայում։ Նա միջին քաշային կարգում մասնակցել է It's Showtime, K-1 և Shootboxing մրցաշարերին և հաղթել է հայտնի մարտիկներ Ալեսանդրո Կամպանիային, Աբդալլահ Մաբելին և Քրիս Նգիմբիին։

Հիշեցնենք` ամռանը Փարիզում կայացած մենամարտում երկրպագուները հարձակվել էին հոլանդացու վրա, հայ քիք-բռնցքամարտիկին նոկաուտի ենթարկելուց հետո։ Երկրպագուներն այդպիսով իրենց դժգոհությունն են արտահայտել, քանի որ համարել են, որ հոլանդացին խախտել է ֆեյր-փլեյի կանոնները:

Հայ մարզիկին ուժեղ հարվածը հոլանդացի մարզիկ Մերտել Գրոենհարտը հասցրել է այն պահին, երբ Գրիգորյանը նրան մեջքով է շրջվել և ցանկացել է գնալ իր անկյուն: Նախնական սխալը եղել է մրցավարինը, քանի որ վերջինս չի դադարեցրել մենամարտը, և արդյունքում՝ Գրիգորյանը նոկաուտի է ենթարկվել:

Համացանցում տեսանյութ է տարածվել, որում երևում է, թե ինչպես է երկու հանդիսատես ներխուժում ռինգ և ծեծի ենթարկում հոլանդացի մարզիկին