Երեկ քանդվել է Երևանի Կոնդ թաղամասի՝ Լեոյի 44 հասցեում գտնվող շենքերից մեկը։ Ինչպես նշվում է Երևանյան պատմություններ ֆեյսբուքյան էջում՝ շենքը ներառված չէր Երևան քաղաքի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում։

Այս ամռանը «Երևանյան պատմություններ» նախաձեռնությանը հարցում էր կատարել Երևանի քաղաքապետարանին՝ պարզելու շենքի կարգավիճակը, տեղեկացրել էին, որ Կոնդ թաղամասում կառուցապատման և քանդման թույլատվություն քաղաքապետարանը չի տվել...

Ներկայացն ենք Լեոյի 44, Կոնդի ամենագեղեցիկ շենքերից մեկի պատմությունը․

Մինչև վերջերս Լեո փողոցում, որտեղ ավարտվում է Կոնդ թաղամասը, կար մի գեղեցիկ ու երկար շենք։ Այն առանձնանում էր Կոնդի տներից իր գեղեցիկ, բայց զուսպ ճարտարապետությամբ։ Նշենք, որ 1938թ-ին կառուցված այդ շենքը պատմական է։ Այո, այստեղ երկար տարիներ ապրել է հայ բժիշկ, վիրաբույժ, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սուրեն Մելիք-Իսրայելյանը։

«Մելիք-Իսրայելյան վիրաբույժին և անհատականությանը ճանաչում էին ՀՀ ողջ տարածքում։ Ամենուր իր հոգատար վերաբերմունքի շնորհիվ Մելիք-Իսրայելյանը դարձել էր գյուղացիների, աշխատավորների, բնակիչների սիրելին։ Տարվա բոլոր եղանակներին նա անհապաղ գնում էր օգնելու, փրկելու հիվանդի կյանքը։

Իսկ նույն շենքի աջ կողմում ապրել են նաև հայ մեծ ճարտարապետ Ջիմ Թորոսյանի ծնողները», - նշվում է Երևանյան պատմություններ ֆեյսբուքյան էջում։