Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը սպառնացել է ընդունել ամերիկացիների կողմից հնդկացիների «ցեղասպանությունը»՝ ի պատասխան ԱՄՆ Սենատի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման: Այս մասին տեղեկացնում է «Միլլիյեթ» պարբերականը:

«Մենք նույնպես պետք է հանդես գանք ձեր դեմ մեր խորհրդարանի նմանատիպ որոշումներով: Եվ մենք դա կանենք: Մի՞թե կարելի է լռել հնդկացիների մասին, երբ խոսում ես Ամերիկայի մասին: Դա ԱՄՆ-ի համար ամոթալի էջ է»,- նշել է Էրդողանը:

Թուրքիայի նախագահը հերթական անգամ նշել է, որ իրենք «բացել են արխվները՝ միլիոնից ավելի փաստաթղթեր 1915թ-ի դեպքերի վերաբերյալ»:

Սպառնալով ընդունել ամերիկացիների կողմից հնդկացիների ցեղասպանությունը՝ թուրք առաջնորդն առանձին հիշատակել և նշել է, որ չի կարելի մոռանալ նաև ֆրանսիացիների կողմից «Ռուանդայում և Ալժիրում կատարած սպանությունները»:

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 12-ին ԱՄՆ Կոնգրեսի վերին պալատը՝ Սենատը, միաձայն ընդունել է Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևը՝ մերժելով Թուրքիայի քաղաքականությունը: Բանաձևը պաշտոնապես մերժում է Թուրքիայի՝ հայերի, հույների, սիրիացիների, ասորիների և այլ քրիստոնյա ազգերի դեմ կատարած ցեղասպանության հարցում ժխտողականությունը:

Հիշեցնենք նաև, որ Ներկայացուցիչների պալատը հոկտեմբերի վերջին ընդունել էր Ցեղասպանությունը ճանաչող բանաձևը 405 կողմ, 11 դեմ ձայների հարաբերակցությամբ: