ՀՀ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն իր ֆեյբուքյան էջում մանրամասներ է ներկայացրել Առողջության համապարփակ ապահովագրության մասին․

«Առողջության համապարփակ ապահովագրության մեր առաջարկած համակարգում գործելու է հիմնական ծառայությունների փաթեթ, որի մեջ ներառված ծառայությունները մինչև 18 տարեկան երեխաների համար ներկայացնում եմ ստորև (մեծահասակների ՀԾՓ-ն կներկայացնեմ առանձին գրառումով).

1. Արտահիվանդանոցային բժշկական օգնության և սպասարկման ծառայություններ, այդ թվում.

- Տեղամասային բժշկի խորհրդատվությունը, իսկ անհրաժեշտության դեպքում վերջինիս ուղեգրմամբ նեղ մասնագետների խորհրդատվությունը և բժշկական ցուցումների հիման վրա ուղեգրում լաբորատոր-գործիքային ՝ այդ թվում հատուկ և դժվարամատչելի լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտությունների համար,
- Հղիության հսկողության ընթացքում մասնագիտացված խորհրդատվությունը և պարտադիր լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտությունները,
- Շտապ բժշկական օգնության ծառայություներ, այդ թվում սանավիացիա,
- Ստոմատոլոգիական բժշկական օգնությունը,
- Մտավոր և ֆիզիկական խնդիրներ ունեցող երեխաների վերականգնողական ծառայություններ,
- Հիմնական դեղերի ցանկում ընդգրկված և տեղամասային բժշկի կողմից նշանակված դեղերի տրամադրում հիվանդությունների դեպքում,

2. Պետական հոգածության առողջապահական ծառայություններ, այդ թվում.

- Իմունիզացիա,
- Կանխարգելիչ բժշկական օգնություն, պարտադիր բժշկական զննումներ և լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտություններ,
- Աղիքային և այլ ինֆեկցիոն հիվանդությունների բժշկական օգնության ծառայություններ,
- Տուբերկուլյոզի բժշկական օգնության ծառայություններ,
- ՄԻԱՎ/ՁԻԱՀ բժշկական օգնության ծառայություններ,
- Հոգեկան և նարկոլոգիական հիվանդությունների բժշկական օգնության ծառայություններ,
- Հեմոդիալիզի ծառայություններ:

3. Հիվանդանոցային բուժօգնության և սպասարկման ծառայություններ, այդ թվում.

- Նորածինների վերակենդանացման և ինտենսիվ թերապիայի ծառայություններ,
- Քրոնիկ հիվանդությունների սրացման դեպքում վերակենդանացման և անհետաձգելի բուժօգնության ծառայություններ,
- Սիրտ-անոթային հիվանդությունների բուժում՝ այդ թվում սրտային վիրաբուժություն, առիթմոլոգիա, էնդովասկուլյար վիրաբուժություն,
- Չարորակ նորագոյացությունների վիրահատության և ճառագայթային բուժման ծառայություններ, ինչպես նաև քիմիոթերապևտիկ բուժօգնություն,
- Մանկաբարձություն և նեոնատալ խնամքի ծառայություններ,
- Մանկական և նորածնային վիրաբուժության, ընդհանուր, անոթային, դիմածնոտային, էնդոկրին, կրծքային վիրաբուժության, ակնաբուժական, օրթոպեդիկ և վնասվածքաբանական, նյարդավիրաբուժական, միկրովիրաբուժական, գինեկոլոգիական, քիթ, կոկորդ, ականջաբանական և դիմածնոտային, ուրոլոգիական, պրոկտոլոգիական վիրահատություններ»: