Ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի և նրա որդիներին փոխկապակցված «Տերյան 5» ՍՊԸ-ն Երևանի քաղաքապետարանի համար, որպես նվեր, «Աղբահանության և սանիտարական մաքրման համայնքային հիմնարկ» կկառուցի։

Երևանի քաղաքապետարանի հաղորդմամբ՝ «Տերյան 5» ընկերությունը Երևանի քաղաքապետարանի հետ դեկտեմբերի 10-ին կնքել է պայմանագիր, որով պարտավորվել է որպես նվեր Շիրակի փողոց հ.88/1 հասցեում իր միջոցների հաշվին և իր նյութերով կառուցել «Աղբահանության և սանիտարական մաքրման համայնքային հիմնարկ»։ Ընկերությունը և՛ կիրականացնի շինարարական, և՛ գույքի բարելավման աշխատանքներ։ Աշխատանքները նախատեսված է ավարտել մինչև 2020թ. հունվարի 31-ը: Այս մասին գրում է «Հետք»-ը։

«Տերյան 5» ընկերությունը հիմնադրվել է 2009թ-ի փետրվարին։ Ընկերությունը նախկինում ունեցել է «Միլենիում կոնտրակշեն» անվանումը, սակայն այս տարվա հուլիսին այն անվանափոխվել է «Տերյան 5» ՍՊԸ-ի։

Քաղաքապետարանի հաղորդմամբ՝ «Տերյան 5» ընկերությունը հիմնարկի տարածքում իրականացնելու է ընդհանուր բարեկարգում՝ կոմունիկացիաներով, այդ թվում՝ արտաքին լուսավորությամբ և տեսախցիկներով։ Բացի այդ, կառուցվելու են պահակատներ, սպասարկող շինություններ, երկու ավտոլվացման կետ, վառելիքի լիցքավորման կայան, ավտոտեխսպասարկման հոր, մինչև 70 բեռևատար (աղբատար) մեքենաների համար նախատեսված շվաքարաններ:

«Տերյան 5»-ը իր միջոցների հաշվին կասֆալտապատի նաև հիմնարկի ամբողջ տարածքը՝ 8800 քմ մակերեսով, կապահովի տարածքի ջրահեռացումը։

«Շնորհակալություն բոլոր նվիրատուներին: Քաղաքին Ձեր օժանդակությունն անհրաժեշտ է»,- գրառման մեջ նշել է Երևանի քաղաքապետարանը։