Կյանքից հեռացել է բանաստեղծ, արձակագիր, երգիչ-երգահան Վահրամ Թաթիկյանը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է Վահան Արծրունին:

Վահրամ Թաթիկյանը ծնվել է 1949թ-ի նոյեմբերի 14-ին՝ Երևանում, մտավորականների ընտանիքում՝ արձակագիր Շահեն Թաթիկյանի և արձակագիր, լրագրող Շաքե Վարսյանի որդին է: Ավարտել է Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետի հնագիտության բաժինը` մասնագիտանալով հայ արվեստի պատմության մեջ: 1974թ-ից աշխատում է Հայաստանի հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի (ՀՀ ԳԱԱ) արվեստի ինստիտուտում: Գորգագիտությանը նվիրված բազմաթիվ գիտական հոդվածների և հրապարակումների հեղինակ է, ինչպես նաև ավելի քան քսան գորգերի էսքիզների, որոնք գործվել ու պահվում են տարբեր հավաքածուներում: Հեղինակել է նաև հարյուրավոր երգեր ու տարբեր լուսանկարներ:

1977թ-ին դարձել է Հայաստանի գրողների միության (ՀԳՄ) անդամ։ Վահրամ Թաթիկյանը 1988թ-ին մասնակցել է Արցախյան շարժմանը։ 1981թ-ին հրատարակվել են նրա «Հայկական գորգարվեստ» և «Քառասուն երգ կամ երկու համերգ ձեզ համար» գրքերը։