Հռոմում հայ մեծ բանաստեղծ Հովհաննես Թումանյանի արձանը տեղադրվելու է Իտալիայի նախագահական Կվիրինալե պալատի հարևանությամբ գտնվող այգում: Այս մասին գրում է «Արմենպրես»-ը:

Այն, նախնական պայմանավորվածության համաձայն, լինելու է կիսանդրի: Հեղինակը և նյութը, որից պատրաստված է լինելու կիսանդրին, դեռևս որոշված չեն՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ արձանն իտալական կողմի պահանջով պետք է համապատասխանի ընդունված որոշակի չափանիշների։ Առայժմ հստակեցված չէ՝ արձանը պատրաստվելու է Հայաստանում, թե Իտալիայում։ Աշխատանքներ են տարվում 2020թ-ի ընթացքում Թումանյանի կիսանդրին տեղադրելու ուղղությամբ։ Հավելենք, որ քննարկման փուլում է գտնվում նաև Միլանում Կոմիտասի արձանի տեղադրման հարցը:

2019թ-ին նշվում էին ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի և մեծանուն հայ երգահան Կոմիտասի ծննդյան 150-ամյակները՝ նրանց հոբելյաններն ընդգրկվել էին ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Հռչակավոր մարդկանց և կարևոր իրադարձությունների» օրացույցում: