Շիրակի մարզպետարանում դեկտեմբերի 16-ին կազմակերպվել է գյուղատնտեսության ոլորտում իրականացվող պետական օժանդակության ծրագրերի քննարկում: Այս մասին տեղեկացնում է էկոնոմիկայի նախարարությունը:

Միջոցառմանը մասնակցել են էկոնոմիկայի նախարարության գյուղատնտեսական ծրագրերի մշակման, ռեսուրսների օգտագործման և կոոպերացիայի զարգացման վարչության պետ Իռա Փանոսյանը, էկոնոմիկայի նախարարի խորհրդական Դավիթ Դավթյանը, ԱԺ պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը, մարզային իշխանության ներկայացուցիչներ, համայնքների ղեկավարներ, գյուղատնտեսներ։

Հանդիպման ընթացքում ոլորտի պատասխանատուները ներկայացրել են պետական օժանդակության ծրագրերի առանձնահատկությունները, դրանց շրջանակներում շահառուներին տրվող արտոնությունները, որոշ ծրագրերում կատարված փոփոխությունները, անդրադարձել առաջիկա ծրագրերին ու նախաձեռնություններին, ոլորտի զարգացման հեռանկարներին:

«Հետաքրքրված գյուղատնտեսներին ներկայացրել ենք ծրագրերի պայմանները, և ծրագրերը մշակելիս նպատակ ենք ունեցել նպաստել գյուղացիական տնտեսությունների գործունեության բարելավմանը», - իր խոսքում նշել է Իռա Փանոսյանը:

Գյուղատնտեսության ոլորտում նախատեսվող ծրագրերի թվում Իռա Փանոսյանը մատնանշել է գյուղատնտեսական կենդանիների համարակալման և հաշվառման ծրագիրը, որը թույլ կտա հստակեցնել գլխաքանակը և առավել արդյունավետ կազմակերպել կենդանիների առողջության պահպանման ու հիվանդությունների կանխարգելման գործընթացը:

Նախարարի խորհրդական Դավիթ Դավթյանն իր հերթին անդրադարձել է գյուղատնտեսական գործունեության արդյունավետ կազմակերպմանը, եկամտաբերության բարձրացմանն ուղղված հնարավոր քայլերին:

Հանդիպման մասնակիցներին տրամադրվել է ամբողջական տեղեկատվություն ջերմոցներ հիմնելու, «խելացի» անասնաշենքեր կառուցելու, գյուղատնտեսական տեխնիկայի ձեռքբերման և մի շարք այլ ծրագրերի վերաբերյալ: