Երևանում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ազատության հանձնախումբ է ստեղծվել: Հանձնախումբը կհամակարգի ՀՅԴ նախկին անդամ, ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Աղվան Վարդանյանը, հայտնում է Aysor.am-ը:

«Որոշ ժամանակ առաջ հասարակական, քաղաքական, մշակույթի, մարզաշխարհի շուրջ հարյուր գործիչ հանդես եկան ի պաշտպանություն նախագահ Քոչարյանի հայտարարությամբ։ Նրանք իշխանությանը կոչ էին անում վեր կանգնել անձնական շահերից, ընդունել սեփական նախապաշարումների անճշտությունը Մարտի 1-ի գործի առնչությամբ, վերջ տալ դատական համակարգի ճնշումներին։ Նրանք նաև հույս էին հայտնում, որ նախագահ Քոչարյանի ազատ արձակումը հասարակական համերաշխության ազդակ կդառնա», - ասել է Աղվան Վարդանյանը՝ տեղեկացնելով, որ այդ հայտարարության տակ արդեն մոտ 60,000 քաղաքացու ստորագրություն կա։

«Շարունակվում է նույն անհեռանկար գործելաոճը։ Այսօր էլ մեր հանրային կյանքի լարվածության պատճառներից մեկը Մարտի 1-ի գործի շուրջ ընթացքող զարգացումներն են, ՀՀ երկրորդ նախագահին ոչ իրավական եղանակով կալանքի տակ պահելը։ Ակնհայտ է՝ ներկայացված մեղադրանքը որևէ կապ չունի 10 զոհի մահվան հանգամանքների բացահայտման հետ», - ասել է Վարդանյանը։

Նա նշել է, որ հայկական երկու պետությունների կայացման գործում էական ներդրում ունեցող Ռոբերտ Քոչարյանին անազատության մեջ պահելը անպատիվ գործ է, չի բխում պետության շահերից, ընդհակառակը, վնասում է պետությանը, խարխլում է դատական համակարգը։

«Ի վերջո, իշխանության այս սևեռումը չի բերում հանրային համերաշխության, թույլ չի տալիս կենտրոնանալ իրական օրակարգերի ու խնդիրների վրա։ Ակնհայտ է նաև, որ Ռոբերտ Քոչարյանին բանտախցում պահելը ոչինչ չի տալիս ոչ որևէ քաղաքացու, ոչ էլ՝ պետությանը։ Այս վիճակից պետք է դուրս գալ, ամենապարզ միջոցը երկրորդ նախագահի խափանման միջոցը փոխելն է։ Իշխանությունը առայժմ չի անում այդ՝ դատավորներին պարտադրելով հակաօրինական որոշումներ»,- ասել է նա։

Աղվան Վարդանյանն ասել է, որ մնում է երկրորդ ճանապարհը.

«Խափանման միջոցի փոփոխությունը դարձնել հանրային քաղաքական պահանջ։ Արձագանքելով այդ առայժմ 60,000 քաղաքացիների պահանջին՝ ստեղծվել է նախաձեռնող խումբ, որի գործունեության նպատակը նախագահ Քոչարյանի ազատությունն է»: