Ծաղկաձորի «Գոլդեն Փելես» հյուրանոցի՝ դեկտեմբերի 19-ին նախատեսված աճուրդին մասնակցելու համար որևէ հայտ չի ներկայացվել: Այս մասին հայտնել է Պետգույքի կառավարման կոմիտեի նախագահ Նարեկ Բաբայանը, հաղորդում է armtime.com-ը:

Բաբայանը նշել է աճուրդին մասնակցելու ցանկություն հայտնողներ եղել են, սակայն կա՛մ չեն հասցրել հայտ ներկայացնել, կա՛մ մտափոխվել են:

Նրա խոսքով՝ հաջորդ աճուրդի ժամանակ արդեն, ըստ կարգի, մեկնարկային արժեքը (7.5 մլրդ դրամը) պետք է 5%-ով նվազի: Հաջորդ աճուրդի համար, սակայն, դեռ օր որոշված չէ:

«Որոշ ներդրողներից արձագանք ենք ստացել, որ հաշվարկը չի արդարացնում, այսինքն՝ գինը բարձր է, և չեն կարողանալու իրենց ներդրումը հետ բերել»,- ասել է Բաբայանը՝ հավելելով, որ բացառված չէ, որ պետությունը շահագործի հյուրանոցը: