Հայաստանի կառավարությունն առաջին անգամ պետական կրթաթոշակ կտրամադրի հայ երիտասարդներին՝ ուսանելու Սիլիկոնյան հովտում: Կրթական բացառիկ ծրագիրը նախաձեռնել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը (ԲՏԱՆ), որը և հոգալու է ընտրված հայ ձեռներեցների ուսման հետ կապված բոլոր ծախսերը։

7 շաբաթ տևողությամբ դասընթացները տեղի են ունենալու Դրեյփերի համալսարանում, որն իր ընտրյալ ուսանողների ու համաշխարհային համբավ ունեցող ձեռնարկատեր-դասախոսների շնորհիվ անվանում են նաև Հերոսների համալսարան։ Իլոն Մասկից (Tesla, Inc.) մինչև Թիմ Վեսթերգրեն (Pandora Media Inc.), AirBnB-ի առաջնորդներից մինչև YouTube-ի հիմնադիրներ՝ հենց նրանք են կրտսեր գործընկերներին ներկայացնելու գաղափարից արտադրանք տանող ամենաարդյունավետ ճանապարհը՝ կիսվելով իրենց փորձով ու հաջողության բանաձևով, հայտնում է ԲՏԱՆ մամուլի ծառայությունը:

ՏՏ ոլորտի համաշխարհային հսկաներին միավորած կրթական հարթակն արդեն բաց է ընդունելության համար․ հայտերն ընդունվում են մինչև հունվարի 27-ը։

Դիմել կարող են 21 տարին լրացած այն անձինք, որոնք ունեն ձեռնարկատիրական փորձ, ՏՏ ոլորտը «բեկող» գաղափար, որը ցանկանում են իրագործել Հայաստանում, բացարձակ տիրապետում են անգլերեն լեզվին և պատրաստ են դասընթացներից հետո՝ երկու տարվա ընթացքում, իրենց գիտելիքով կիսվել մարզերի ուսանողների և ապագա ձեռնարկատերերի հետ։