Հայաստանը փորձում է լուծել «Google maps»-ի անճշտությունները երկրի տարածքում։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը։

«Երբ որ «Google Maps»-ում ճանապարհը գծվում է քարտեզի վրա, ադրբեջանական անկլավներ է ցույց տալիս Հայաստանի տարածքում՝ մասնավորապես Նոյեմբերյանի հատվածում, ինչը լուրջ խնդիր է թե տուրիստների համար, թե քաղաքական տեսանկյունից»,- ընդգծել է նախարարը՝ հավելելով, որ դա վերաբերում է նաև Արցախին։

Հակոբ Արշակյանը հայտնել է, որ ՀՀ կառավարության ուշադրության կենտրոնում են նաև PayPal և GooglePay վճարային համակարգերը. «Լուրջ աշխատանքներ են տարվում, կարծում եմ, որ հաջողություններ կարձանագրենք»։

Ինչ վերաբերում է Youtube-ի որոշ ֆունկցիաների անհասանելիությանը, նախարարը նշել է, որ այս ուղղությամբ ևս աշխատանքներ են տարվում։

«Youtube-ի հետ կապված երեք ճակատով աշխատում ենք։ Առաջինը պաշտոնական խողովակներն են։ Երկրորդը` հենց Google-ում և Youtube-ում աշխատող հայերի հետ համագործակցություն է, այսինքն՝ նրանք նույնպես ներառված են այդ աշխատանքներում: Եվ երրորդը` սփյուռքահայերի խումբն է, որոնք ևս փորձում են որևէ կերպ աջակցել»,- նշել է նախարարը։

Նրա խոսքով՝ գոյություն ունի Youtube Partner Programm (գործընկերների ծրագիր), որը Youtube-ի գործընկերներին թույլ է տալիս համակարգի կոնտենտից գումար գեներացնել և մանիտիզացիա անել։

«Հայաստանն ընդգրկված չէ այն երկրների ցանկում, որոնք կարող են լինել Youtube Partner Programm-ի մաս, նույնը PayPal-ի դեպքում է։ Այսինքն՝ հայկական ընկերությունները, բլոգերները, որոնք ուզում են գումար աշխատել, ստիպված են լինում իրենց ընկերությունները գրանցել արտերկրում։ Բացի այդ, մեկ նրբություն էլ կա. Youtube Partner Programm-ի բացակայության պատճառով YouTube-ը չի իդենտիֆիկացնում հայկական կոնտենտը։ Այսինքն՝ տեխնիկական խնդիրների պատճառով Հայաստանում չեն կարողանում գումար աշխատել»,- ասել է Հակոբ Արշակյանը։