«Հինգ տարի հետո Եվրասիական տարածաշրջանի բոլոր երկրները իրավական առումով համարվելու են մեկ գոտի»,- այս մասին խորհրդարանում Տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի հանձնաժողովի ամփոփիչ ասուլիսի ընթացքում նշեց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը։

Մլեքումյանն ասել է, որ հանձնաժողովը խնդիր ունի մի շարք արգելքներ հաղթահարելու։ Պատգամավորի խոսքով, Եվրասիական միությունում Հայաստանն ունի 71 արգելք, որից 51-ը Ռուսաստանի հետ.

«Իմ կարծիքով, այդ արգելքների հաղթահարումը չի գնում այն տեմպերով, որով պետք է։ Բայց դա Հայաստանի կառավարության մեղքով չէ, այլ մի շարք հանգամանքների պատճառով, օրինակ, Ղազախստանի, Բելառուսի նաև Ռուսաստանի տնտեսական շահերից ելնելով»։

Էներգետիկ միասնական շուկան, ըստ էության, պետք է մինչև 2022-23թթ. կայացած լիներ, սակայն Մելքումյանի խոսքով, այս պաին մինչև 2025թ․ հույս անգամ չկա, որ այն կայանալու է։

«Որովհետև այն պայմանավորվածությունները, որ պետք է լինեն միասնական պայմաններ էներգետիկ շուկայում, բավականին բարդություններ ունեն»,- նշել է Միքայել Մելքումյանը։

Ներկայացնելով հանձնաժողովի գործունեությունը՝ Մելքումյանն ասել է, որ մասնակցել է 13 նիստի, որոնցից մեկի ժամանակ լրջագույն քննարկում է կազմակերպվել Հայաստանի ԱԷԿ-ի վարկի երկարաձգման հետ կապված։

«Հատուկ քննարկվել է Վերին Լարսի խնդիրը, և մենք եկել ենք համոզման, որ առանց լաստանավի, և առանց Վրաստանում Բաթումի կամ Փոթու շրջակայքում համապատասխան նավահանգստային բեռնման և բեռնաթափման տարածքի շատ բարդ է լինելու։ Այս առումով պետք է որոշակի բանակցային գործընթաց գնա։ Հայաստանի իշխանություններն այս փուլում բանակցություններ են վարում Սև ծովով բեռների փոխադրման համար երկու լաստանավ ձեռք բերելու մասին։ Երբ կառուցվեց Կերչի կամուրջը, ռուսական կողմը մի քանի ազատ լաստանավ ունեցավ, որոնք հետաքրքրեցին հայկական կողմին։ Եվ ես կարծում եմ, որ միանգամայն ընդունելի գնով այս հարցը կարող է լուծվել։ Բանակցություններն ընթանում են, տեսնենք, թե ինչպես կզարգանան իրադարձությունները»,- ասել է Մելքումյանը։

Պատգամավորը հույս ունի, որ որոշ ժամանակ անց Հայաստանը, Ղազախստանի օրինակով, կկարողանա տերմինալ բացել Փոթիում։