Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանն այսօր ընդունել է Կովկասի բնության հիմնադրամի գործադիր տնօրեն Ջեֆ Ջիակոմինիին։ Նախարարությունից հայտնում են, որ քննարկել են համատեղ ծրագրերի արդյունքները։ Պարոն Ջիակոմինին իր գոհունակությունն է հայտնել Հայաստանի բնության հատուկ պահպանվող տարածքներում կատարված ու ընթացիկ աշխատանքների վերաբերյալ։

Նախարար Գրիգորյանը հանդիպման ընթացքում նշել է, որ Հայաստանի կառավարությունն էականորեն ավելացրել է անտառային և բնության հատուկ պահպանվող տարածքների ֆինանսավորումը, իսկ հաջորդիվ՝ խոշորածավալ ծրագրեր են նախատեսվում անտառվերականգնման ոլորտում։

Ջեֆ Ջիակոմինին տեղեկացրել է նաև, որ Կովկասի բնության հիմնադրամը 2020թ-ին Հայաստանին կտրամադրի շուրջ 900․000 եվրո դրամաշնորհ։ Գումարը հիմնականում կուղղվի բնության հատուկ պահպանվող տարածքների աշխատակիցների աշխատավարձերի հավելավճարներին և այլ ընթացիկ ծախսերի համաֆինանսավորմանը։