Ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության Թալինի բաժնում ստացված օպերատիվ տեղեկությունների հիման վրա նախապատրաստված նյութերով՝ փաստական տվյալներ են ձեռք բերվել Օթևան համայնքում կատարված ապօրինությունների վերաբերյալ։

Ոստիկանության մամուլի ծառայության հաղորդագրության համաձայն՝ մասնավորապես պարզվել է, որ համայնքապտերանի որոշ պաշտոնատար անձինք կազմել են կեղծ փաստաթղթեր, որոնց հիման վրա համայնքի ղեկավարի կնոջը, առանց վերջինիս գիտության, 2017թ-ին ձևակերպել են որպես համայնքապետարանի վարչական շենքի մաքրուհի և սահմանված կարգով աշխատավարձ են դուրս գրել։

Ըստ քննությանն այս պահին հայտնի տվյալների՝ հիշյալ ապօրինությունների հետևանքով 2017թ-ի հունվարից մինչև 2019թ-ի սեպտեմբեր ամիսը համայնքապետի կնոջ անվամբ թողարկված բանկային քարտի հաշվին փոխանցվել է 1 միլիոն 530 հազար դրամից ավելի գումար։

Դեպքերի առթիվ ոստիկանության Թալինի բաժնում քրեական գործ է հարուցվել պաշտոնեական դիրքն օգտագործելով խոշոր չափերի յուրացման կամ վատնման և պաշտոնեական կեղծիքի հատկանիշներով։

Ոստիկանությունում հարուցված քրեական գործն ուղարկվել է տարածքային նախաքննական մարմնին։