Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը Վերին Պտղնի համայնքում ներկա է գտնվել մանկապարտեզի շենքի կառուցման մեկնարկի միջոցառմանը:

«Այն մեկնարկել է շինության օծման արարողությամբ: Շուրջ 1000 բնակչություն ունեցող Վերին Պտղնի համայնքում տասնյակ տարիներ մանկապարտեզ չի գործել, և համայնքի փոքրիկները ստիպված են եղել հաճախել Աբովյանի մանկապարտեզներ: Կոտայքի համայնքներում նախադպրոցական կրթության հաստատությունները մարզային իշխանությունների հռչակած առաջնահերթությունների մեջ են, և դրանով պայմանավորված՝ սուբվենցիոն հայտ է ներկայացվել կառավարություն:

Կառավարության 2019թ-ի սուբվենցիայով հաստատված ծրագրի շրջանակներում իրականացվող աշխատանքների արդյունքում Վերին Պտղնի համայնքը վերջապես կունենա ժամանակակից լուծումներով կառուցված մանկապարտեզ՝ 2 խմբով՝ նախատեսված շուրջ 60 փոքրիկների համար: Շահած ծրագրի արժեքը 74.904.000 դրամ է. աշխատանքներն իրականացվում են պետություն-համայնք 50%/ 50% համաֆինանսավորմամբ: Հավելենք, որ այս տարի սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում տասը մանկապարտեզների վերանորոգման, հիմնանորոգման, վերակառուցման և կառուցման ծրագրեր են իրականացվում Կոտայքում:

Երեք համայնքներում՝ Արամուսում, Վերին Պտղնիում և Գեղաշենում զրոյից կառուցվում են նոր մանկապարտեզներ: Ամենակարճ ժամկետներում մարզի բոլոր համայնքները նախադպրոցական կրթության հաստատություններով ապահովելը մարզային իշխանությունների համար գերնպատակ է»,- ասված է հաղորդագրությունում: Գրում է factor.am-ը։