ՀՅԴ երիտասարդները հավաքվել են կառավարության շենքի դիմաց․ Իրենց պահանջները չեն փոխվել
ՀՅԴ երիտասարդները հավաքվել են կառավարության շենքի դիմաց՝ կրկին հիշեցնելով իրենց պահանջները կապված կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության վարած քաղաքականության հետ, պահանջելով նաև ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականը:
ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միության կենտրոնական վարչության ատենապետ Արգիշտի Գևորգյանը հայտարարել է, որ «վերջերս բացահայտվել է, որ գաղտնի տեղ՝ ԿԳՄՍ նախարարության դիմաց, շաբաթեր շարունակ որոշ պարտիզաններ գաղտնի ու վտանգավոր գործողություն են իրականացնել, ինչը լուրջ վտանգ է սպառնում Հայաստանին»:
«Հիմա պարտիզաններով հավաքվել ենք այստեղ, որպեսզի հանձնենք մեր զենքերը»,- ասել է նա։ Այս մասին գրում է panorama.am-ը։
Երիտասարդները նախ հանձնել են իրենց «վտանգավոր զենքերը», որպեսզի, նրանց խոսքերով, որոշ պատգամավորներ ու այլ անձինք, որոնք շատ տագնապած էին վերջին օրերին, տեսնեն, որ հանձնում են զենքերը ու հանգիստ քնեն, վախի ու սարսափի միջից դուրս գան, կենտրոնանան իենց գործին:
«Ազգային ժողովի բանակից փախած, դասալիք որոշ պատգամավորների, ծերունի ավազակների ասում ենք՝ հանգիստ նստեք տեղներդ, չփորձեք հանկարծ ներկայացնեք, որ դուք պետականությունը պաշտպանում եք մեզանից: Այս երկրում պետականամետը մենք ենք, և պետականության պաշտպանը մենք ենք, չփորձեք Հայաստանը պաշտպանել մեզնից: Եթե դառնանք պարտիզաններ, լավ գիտենք, որ սահմանից այն կողմ ենք այդ պարտիզանությունն անելու, եթե զենք բարձրացնենք, միանշանակ սահմանից այն կողմ է լինելու: Իսկ Հայաստանում բոլոր օրինական միջոցներով և քննադատելու ենք իշխանություններին, և հարկ եղած դեպքում աջակցելու ենք»,- հայտարարել է Արգիշտի Գևորգյանը:
Նրանք ներկայացրել են փաստերը, թե ինչու՞ պետք է հեռանա կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը. մասնավորապես՝ նրա ղեկավարած կարևոր ոլորտները չունեն ռազմավարություն, հայեցակարգ, քաղաքականություն, առաջնահերթություններ, Ա. Հարությունյանը պաշտոնավարում է առանց այլակարծության նկատմամբ հանդուրժողականության դրսևորմամբ, առանց հաշվետվողականության, Ա.Հարությունյանը սպառնում է իրենից տարբեր կարծիք ունեցող քաղաքացիներին, ազգային օրակարգը համարում է հետադիմական, դիտմամբ կամ անտեղության հետևանքով կեղծում է պատմական փաստերը, սպասարկում է նեղ խմբի շահեր և վարում է նեղ խմբի ճաշակներն արտացոլող քաղաքականություն, ՀՀ քաղաքացիներին քաղաքական հայացքների պատճառով արգելում է խոսել, վիրավորում է իրենց սահմանադրական իրավունքն իրականացնող քաղաքացիներին, ստում է՝ խոսելով ժողովրդավարությունից, չի դրսևորում ժողովրդավար պահվածք, Արայիկ Հարությունյանը խախտում է այլոց անմեղության կանխավարկածը՝ առանց դատարանի օրինական վճռի մեղադրելով հանցանքների մեջ, անհարգալից վերաբերմունք է դրսևսրում և անթույլատրելի բացապաշարով է խոսում աշխատակիցների հետ, չունի ազգային մտածելակերպ, ունի ընդգծված հեգնական վերաբերմունք Հայ առաքելական եկեղեցու նկատմամբ, Արայիկ Հարությունյանը չի ճանաչում հայ ժողովրդին:
«Հույս ունենք՝ կառավարությունն ուշադիր կհետևի այս ամեն ինչին և համապատասխան վերաբերմունք ցույց կտա»,- նշել են երիտասարդները:
Նրանք նաև նամակ են հանձնել կառավարությանը, որում մասնավորապես ասվում էր․
«1․ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի ոլորտներում արդիական պահանջներից և ազգային պետություն ունենալու հրամայականից բխող համապատասխան ռազմավարությունների մշակում և հրապարակում։
2․ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի ոլորտների պետական ֆինանսավորման էական ավելացում։
Առաջիկա տարիների համար անհրաժեշտ է ռազմավարական նպատակ ունենալ կրթությանը հատկացվող միջոցների ծավալի մեծացումը` այնպես, որ այդ միջոցները կազմեն ՀՆԱ 3-4 տոկոսը, իսկ գիտության պարագայում` այդ թիվը պետք է գերազանցի ՀՆԱ 1 տոկոսը:
3․ Ապահովելով Հայոց լեզու և Հայոց պատմության առարկաների` բուհերում դասավանդման պարտադիր սկզբունքը` ձեռնամուխ լինել համապատասխան հայեցակարգերի ու մասնագիտական ծրագրերի մշակմանը։
Հայոց լեզու առարկայի դասավանդման շրջանակներում պետք է ձեռք բերվեն հիմնավոր գիտելիքներ, որոնք թույլ կտան բուհի շրջանավարտներին տիրապետել մասնագիտական տերմինաբանությանը։ Հայոց պատմություն առարկայի պարագայում ուսանողների շրջանում պետք է ձևավորել քննական մտածողություն և սեփական հայրենիքի առջև ծառացած մարտահրավերների խորքային ընկալում։
4․ Ապահովելով Հայոց Եկեղեցու պատմություն առարկայի պարտադիր դասավանդումը դպրոցներում՝ ուշադրություն դարձնել առարկայի շրջանակներում ազգային ինքնության անքակտելի մասը կազմող Հայ Առաքելական Եկեղեցու էության ներկայացմանը, աշակերտների շրջանում պետականամետ և հայաստանակենտրոն մտածելակերպի ամրապնդմանը։
5․ Շրջանառությունից հանել կամ արմատապես վերանայել Բարձրագույն կրթության և գիտության մասին օրենքի նախագիծը։
Ձեռնամուխ լինել ԲՈՒՀ-երի իրական ակադեմիական ազատության և կառավարման ինքնավարությանը նպաստող նախագծի ներկայացմանը, որը նպատակ պետք է ունենա ապահովելու ԲՈՒՀ-գիտություն-աշխատաշուկա կապը:
Նախագծում պետք է որոշակի լինի նաև գիտության զարգացման գործում Գիտությունների Ազգային Ակադեմիայի դերը:
6. Այս փոփոխությունների կարևորությունն անտեսող կամ ազգային օրակարգը հեգնող ցանկացած պաշտոնյա պետք է օր առաջ ազատվի զբաղեցրած պաշտոնից: