Ամուլսարում համալիր փորձաքննություն կատարած «ԷԼԱՐԴ» ընկերությունը Կառավարությունից լրացուցիչ 54 հազար ԱՄՆ դոլար է ստացել։

Նշենք, որ «ԷԼԱՐԴ» ընկերության հետ արդեն իսկ կնքվել էր մոտ 400 հազար դոլար արժողությամբ ծառայությունների մատուցման պայմանագիր։ Սակայն Ֆինանսների նախարարությունը Կառավարությանը հայտնել է, որ ընկերությունը նախատեսվածից ավելի շատ աշխատանքներ է կատարել։

Մասնավորապես՝ «ԷԼԱՐԴ» ընկերությունը Քննչական կոմիտեին տեղեկացրել է, որ համալիր փորձաքննության ընթացքում օբյեկտիվորեն անհրաժեշտություն է առաջացել ընդլայնելու հետազոտությունների շրջանակը, և փորձագետների խումբը նախատեսված շուրջ 70 փաստաթղթի փոխարեն ուսումնասիրել է շուրջ 150 փաստաթուղթ: Բացի այդ, փորձագետներին գնահատման համար տրամադրվել են տեխնիկական առաջադրանքից դուրս մեծածավալ այլ տեղեկություններ նույնպես, որոնք հետազոտվել և ուսումնասիրվել են, պարզաբանման է ներկայացվել 12 լրացուցիչ հարց: