Երևանի Ն. Աճեմյանի անվան տարածաշրջանային թիվ 2 պետական քոլեջում այսօր տեղի է ունեցել «Սառնարանային տնտեսություն» մասնագիտության բացման հանդիսավոր արարողությունը, որին ներկա են գտնվել ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը, Շրջակա միջավայրի նախարար էրիկ Գրիգորյանը, ԿԳՄՍ նախարարի տեղակալ Գրիշա Թամրազյանը, ՄԱԿ-ի զարգացման ծրագրի ներկայացուցիչներ, քոլեջի աշխատակիցներ:

ԿԳՄՍ նախարարության հաղորդագրության համաձայն՝ շնորհավորելով ներկաներին նոր մասնագիտության ներդրման կապակցությամբ՝ նախարար Արայիկ Հարությունյանը նշել է, որ ծրագիրն ընդհանուր առմամբ նախարարության վարած քաղաքականության շրջանակում է, այն է՝ սերտ համագործակցություն միջազգային կազմակերպությունների և բիզնեսի հետ, որը ըստ նախարարի, թույլ կտա գործընկերների աջակցությամբ ունենալ համապատասխան ենթակառուցվածքներ, ինչը կարևոր է որակյալ կրթական ծառայություններ մատուցելու տեսանկյունից:

Հյուրերը շրջել են քոլեջում, ծանոթացել մասնագիտության ուսուցման համար ուսհաստատությունում առկա տեխնիկական հնարավորություններին՝ հույս հայտնելով, որ դրանք կնպաստեն մասնագիտական բարձրորակ կրթության ձևավորմանը:

Նշենք, որ 2018թ-ին վերոնշյալ երկու նախարարությունների և Օզոնի շերտի պաշտպանության ծրագրի միջև ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր, որի շրջանակում Ն. Աճեմյանի անվան տարածաշրջանային թիվ 2, Արմավիրի և Արտաշատի պետական քոլեջներում ներդրվել է ուսումնական նոր մոդուլ՝ սառեցման և օդորակման համակարգերի ճարտարագիտության ուղղությամբ, որը նախկինում չի եղել մասնագիտությունների ցանկում:

Այս ընթացքում մշակվել է համապատասխան չափորոշիչը, որի վրա աշխատել են լավագույն մասնագետները: ՄԱԿ-ի զարգացման ծրագրի աջակցությամբ բոլոր հաստատություններում ներդրվել է նյութատեխնիկական բազա: Ենթադրվում է, որ ծրագրի աշխարհագրությունը կմեծանա՝ ընդգրկելով Սյունիքի, Շիրակի և այլ մարզեր: Ֆինանսավորումն իրականացրել է ՄԱԿ-ի զարգացման ծրագիրը. պետբյուջեից փոխհատուցվում է միայն 45 ուսանողների՝ պետպատվերի շրջանակում ուսումը: