Չեխական Արնիկա կազմակերպությունը 2019թ-ին Ալավերդիից վերցրած փորձանմուշների մեջ դարձյալ դիոքսին է հայտնաբերել: Քանակները գերազանցում են ՀՀ ստանդարտները՝ 1.5-5 անգամ, Եվրամիության ստանդարտները՝ 2.5-8 անգամ: Այս մասին գրում է Հայկական բնապահպանական ճակատը։ Նրանց տարածած գրառման մեջ նշվում է․

«Կանանց և տղամարդկանց վերարտադրողական օրգանների վրա ազդում են նաև կադմիումը և կապարը, որոնց քանակների մասին Վանաձոր քաղաքում ոչինչ հայտնի չէ, բայց Ալավերդիում դրանք բարձր են՝ ՀՀ ԳԱԱ էկոկենտրոնի կատարած հետազոտությունների տվյալներով:

Կադմիումը ախտահարում է մարդու իմունային համակարգը, շագանակագեղձը և ոսկորները: Ազդում է նաև արյան ճնշման վրա: Տոքսիկացիայի ենթարկվում են հատկապես այն կանայք, ում օրգանիզմում երկաթի և կալցիումի պակաս կա: Նրանք հիմնականում հղիներն են և կրծքով կերակրողները: Կապարը նույնպես ազդում է արյան ճնշման և վերարտադրողական համակարգերի վրա: Հայտնի է, որ այն նաև կանանց վիժումների պատճառ կարող է դառնալ:

2018թ-ի ամռան սկզբին, Հետքի մեր հրապարակումը մանրամասն անդրադարձել է թունավոր նյութերի հետևանքներին, հատկապես Լոռվա հանքարդյունաբերող շրջաններում բնակվող մարդկանց առողջության վրա: Մենք արձանագրել էինք, որ օրինակ, Ալավերդիում, միզասեռական հիվանդությունների չորս անգամ բարձր ցուցանիշ է գրանցվել, մարզի նմանատիպ այլ քաղաքների՝ Սպիտակի և Ստեփանավանի համեմատ:

Այս անգամ ուսումնասիրել ենք նաև մի քանի այլ հիվանդությունների ցուցանիշներ, որոնք նույնպես Ալավերդիում բարձր են՝ որոշ դեպքերում մինչև տասն անգամ: Դրանցից են շագանակագեղձի հիվանդությունները, կրծքագեղձի բարորակ դիսպլազիան, փողաբորբերը և ձվարանաբորբերը, հղիության ու ծննդաբերական շրջանի հիվանդությունները»: