2018-ի մարտի 1-ից հորմոնալ պրեպարատները, հակաբիոտիկները և պրոտեին պարունակող դեղամիջոցները դեղատներից հնարավոր կլինի գնել միայն բժշկի դուրս գրած դեղատոմսով, իսկ հոկտեմբերից դեղատոմսով դուրս կգրվեն բոլոր այն դեղերը, որոնք Հայաստանում գրանցված են որպես դեղատոմսով դուրս գրվող: Ցանկը հրապարակված է առողջապահության նախարարության և ՀՀ ԱՆ «Դեղերի փորձագիտական կենտրոն» կայք-էջերում։ Այս մասին հայտարարել է ՀՀ առողջապահության փոխնախարար Սերգեյ Խաչատրյանը:

«Նախատեսվում է դեղերի բացթողման նոր կարգ և վերահսկման մեխանիզմներ սահմանել», - ասել է փոխնախարարը:

Նա ընդգծել է, որ այսպիսով բժիշկների համար դեղատոմսի դուրսգրումը կապահովի վերահսկողություն, որ նա ճիշտ դեղեր է նշանակել, իսկ հիվանդին էլ դեղատոմսի առկայությունը թույլ կտա օգտագործել ճիշտ դեղ՝ ստույգ քանակով:

«Բազմաթիվ մարդիկ ինքնաբուժում են իրականացնում, գալիս են դեղատուն ու հարցնում՝ ինչ կարելի է օգտագործել ու դեղատան աշխատակիցը, որը պատշաճ կրթություն չունի, դեղ է վաճառում: Դեղ վաճառելու պրոցեսից մենք ուզում ենք անցում կատարել դեղի բացթողման», - նշել է նա:

Այս պահի դրությամբ առողջապահության նախարարությունը և Հանրապետության բոլոր պոլիկլինիկաներն ու ամբուլատորիաները ակտիվ նախապատրաստական աշխատանքներ են իրականացնում որոշման դրույթների կատարումն ապահովելու նպատակով։