Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի Երևանի տարածքային կենտրոնի դեղերի շրջանառության վերահսկողության բաժնի գլխավոր մասնագետները, գնալով տեսչական մարմնի թեժ գծով ստացված ահազանգի հետքերով, Կոտայքի մարզի Նոր Հաճն քաղաքի Տոռոզյան 6/2 հասցեում գործող «Նաիրա Ադամյան Ադամի» անհատ ձեռնարկատիրոջը պատկանող դեղատանը իրականացրած զննման արդյունքում հայտնաբերել են ՀՀ-ում գրանցման և օրինական ներմուծված լինելու տեսանկյունից կասկած հարուցող, չդրոշմապիտակավորված դեղեր:

Այս մասին հայտնում է տեսչական մարմինն ու մանրամասնում, որ տեսչական մարմնի աշխատակցի արձանագրության կազմման ընթացքում տնտեսվարողը ցուցաբերել է խոչընդոտում՝ վերցվել են վերոնշյալ դեղերը և արագ դուրս տարվել դեղատնից, աշխատակիցների՝ դեղերը վերադարձնելու և իրավիճակը չբարդացնելու հորդորներն անցել են ապարդյուն։ Դրա հետևանքով կասկած հարուցող վերոնշյալ դեղերը լիարժեք չեն արձանագրվել:

«Համաձայն «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 42-րդ հոդվածի՝ տեսչական մարմնի պաշտոնատար անձանց հանձնարարականները չկատարելը կամ Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի կողմից իրականացվող ստուգումների, ուսումնասիրությունների և վարչական վարույթի իրականացմանը խոչընդոտելն առաջացնում է տուգանքի նշանակում պաշտոնատար անձանց նկատմամբ ութսունապատիկից մինչև հարյուրհիսունապատիկի չափով:

Ելնելով վերոգրյալից՝ արձանագրվել է, որ «Նաիրա Ադամյան Ադամի» անհատ ձեռնարկատիրոջ կողմից տեղի է ունեցել խոչընդոտում, սահմանվել է տուգանք»,- հայտնում են տեսչական մարմնից։