Վերաքննիչ քրեական դատարանը՝ նախագահությամբ դատավոր Լուսինե Աբգարյանի, քիչ առաջ հրապարակեց Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի գործով որոշում, որով անփոփոխ թողեց Քոչարյանին գրավի դիմաց ազատ չարձակելու վերաբերյալ դատավոր Աննա Դանիբեկյանի դատական ակտը: Այսպիսով՝ Քոչարյանը կմնա կալանքի տակ:

Հիշեցնենք, որ պաշտպանները բողոքարկել են Քոչարյանին գրավի դիմաց ազատ չարձակելու նոյեմբերի 7-ի որոշումը: Գրավի միջնորդության հիմքում պաշտպանները դրել էին այն հանգամանքը, որ Սահմանադրական դատարանը գրավի կիրառման վերաբերալ հոկտեմբերի 15-ին նոր որոշում է կայացրել:

Մեղադրող կողմն ու տուժողներն առարկել էին միջնորդության դեմ, իսկ ամբաստանյալներն ու վերջիններիս պաշտպաները միացել դրան: Նշենք, որ ՍԴ-ն հոկտեմբերի 15-ի որոշմամբ արձանագրել է, որ գրավի կիրառումը՝ միայն քրեական վարույթն իրականացնող մարմնի տրամադրության տակ մեղադրյալի գտնվելն ապահովելու նպատակով, հակասում է Սահմանադրությամբ ամրագրված անձի ազատության իրավունքին:

Ըստ ՍԴ դիրքորոշման՝ ազատության իրավունքին հակասող է նաև Քրեական դատավարության օրենսգրքի 143-րդ հոդվածի 6-րդ մասը՝ այնքանով, որքանով որ գրավը պետության եկամուտ դարձնելը հնարավոր է համարում միայն քրեական վարույթն իրականացնող մարմնից մեղադրյալի թաքնվելու կամ առանց թույլտվության այլ տեղանք մեկնելու համար:

Պաշտպանական կողմի պնդմամբ՝ Սահմանադրական դատարանի հայտնած իրավական դիրքորոշման լույսի ներքո, ըստ էության, գրավը կարող է զսպել ոչ միայն մեղադրյալի թաքնվելու, այլ նաև գործի քննությանը նրա խոչընդոտելու ռիսկը, և սա հիմք է՝ Քոչարյանին գրավի դիմաց ազատ արձակելու համար: