Իսպանիայի առաջնության 24-րդ տուրում Մադրիդի «Ռեալը» հյուրընկալվելով «Բենիտո Վիլյամարին» մարզադաշտ, լարված հանդիպման արդյունքում հաղթանակ տոնեց «Բետիսի» նկատմամբ։

Մադրիդցիներն ակտիվ սկսեցին հանդիպումը և առաջ անցան 11-րդ րոպեին։ Հանդիպմանը հաջող հանդես եկան՝ Կրիշտիանու Ռոնալդուն, ում հարվածից հետո դաշտի տերերի դարպասապահ Անտոնիո Ադանը գնդակը հետ մղեց Մարկո Ասենսիոյի ուղղությամբ, ով էլ գլխի հարվածով դարձավ գոլի հեղինակ։ Բաց թողած գոլից հետո խաղային առավելությունն անցավ դաշտի տերերի կողմը։ 33-րդ րոպեին Այսա Մանդան հավասարեցրեց հաշիվը, իսկ 4 րոպե անց ինքնագոլի հեղինակ դարձավ Նաչոն։

Ընդմիջումից հետո Զինեդին Զիդանի սաներն ակտիվացան և 20 րոպեի ընթացքում 3 գոլ խփեցին։ 50-րդ րոպեին «սերուցքայինների» երկրորդ գոլը խփեց Սերխիո Ռամոսը։ 59-րդ րոպեին Դանիել Կարվախալի հիանալի անցումից և փոխանցումից հետո դուբլ ձևակերպեց Ասենսիոն, իսկ 6 րոպե անց աչքի ընկավ Կրիշտիանու Ռոնալդուն։ Պորտուգալացու գոլից հետո խաղի տեմպը փոքր-ինչ հանգստացավ, իսկ խաղավարտին մոտ արձանագրվեց ևս 2 գոլ։ Նախ 85-րդ րոպեին Սերխիո Լեոնը կրճատեց հաշվի տարբերությունը, իսկ արդեն ավելացված ժամանակում վերջնական հաշիվը ձևակերպեց փոխարինման դուրս եկած Կարիմ Բենզեման։

Այս հաղթանակից հետո «Ռեալն» ունի 45 միավոր (23 խաղ) և շարունակում է զբաղեցնել մրցաշարային աղյուսակի 4-րդ հորիզոնականը, իսկ «Բետիսը» մնաց 33 միավորով՝ 9-րդ տեղում։

Իսպանիայի առաջնություն՝ 24-րդ տուր

«Ռեալ Մադրիդ» - «Բետիս»՝ 5։3