ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Բարեկամության շքանշանով է պարգևատրել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նախագահ Տիգրան Սարգսյանին: Շքանշանը շնորհվել է Սարգսյանի առանձնահատուկ ծառայությունների համար ԵՏՄ զարգացման, ինչպես նաև ՌԴ և ՀՀ դաշնակցային հարաբերությունների զարգացման գործում:

«Ես պատվավոր առաքելություն ունեմ. ՌԴ բարձր պետական պարգևը՝ Բարեկամության շքանշանը, հանձնել ԵՏՀ Կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանին: Մինչ այդ կցանկանայի նշել, որ նա ծանրակշիռ անձնական ավանդ ունի ԵՏՄ զարգացման գործում», - ասել է Պուտինը Սանկտ Պետերբուրգում ընթացող ԵՏՀ Բարձրագույն խորհրդի նիստում, հայտնում է Sputnik Արմենիան:

Նշվել է, որ ԵՏՀ-ն վերջին 4 տարում աշխատել է առանց խափանումների՝ հաջողությամբ լուծելով ինտեգրման քաղաքականության բոլոր ամենաբարդ խնդիրները:

Փետրվարի 1-ին Տիգրան Սարգսյանին ԵՏՀ ղեկավարի պաշտոնում կփոխարինի Բելառուսի ներկայացուցիչ Միխայիլ Մյասնիկովիչը: