Դատավոր Սամվել Ուզունյանն, ում նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն և ազատությունից զրկելուն օրեր առաջ համաձայնություն է տվել Բարձրագույն դատական խորհուրդը, լքել է ՀՀ պետական սահմանը: Այս մասին հայտնել են Գլխավոր դատախազությունից: Գրում է «Հետք»-ը։

«ԲԴԽ կողմից դատախազության ներկայացրած միջնորդությունների բավարարումից անմիջապես հետո՝ դեկտեմբերի 20-ին, երեկոյան ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի որոշմամբ Ուզունյանը գործով ներգրավվել է որպես մեղադրյալ, և որոշումն ուղարկվել է ՀՔԾ՝ նրան մեղադրանք առաջադրելու և խափանման միջոցի ընտրության հարցը լուծելու նպատակով:

Ապա դատարանը բավարարել է նրա նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ քննիչի միջնորդությունը, և Ոստիկանությանը հանձնարարվել է նրան ներկայացնել վարույթն իրականացնող մարմնին: Սակայն տվյալներ են ստացվել, որ միջնորդությունների ներկայացման և քննարկման ժամանակահատվածում Ուզունյանը լքել է ՀՀ պետական սահմանը և որոշում է կայացվել նրա նկատմամբ հետախուզում հայտարարելու մասին»,- հայտնում են դատախազությունից:

Մեր հարցին ի պատասխան հայտնեցին նաև, որ նախաքննությամբ ձեռք բերված ապացույցների համակցությունը բավարար հիմք է տալիս Ուզունյանին քրեական գործով որպես մեղադրյալ ներգրավելու և նրան մեղադրանք առաջադրելու՝ մի դրվագով Քրեական օրենսգրքի 38-34-312-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով ( առանձնապես խոշոր չափով կաշառք տալու փորձին օժանդակելը մյուս դրվագով՝ Քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով նախատեսված հանցավոր արարքներն առերևույթ կատարելու համար (դատավորի կողմից առանձնապես խոշոր չափով կաշառք ստանալը):