ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է․

«2021 թվականին ամբողջությամբ կավարտվի համայնքների խոշորացման գործընթացը»:

Նախարարը նշել է, որ սուբվենցիոն ծրագրերից ավելի շատ կարողանում են օգտվել խոշոր և խոշորացված համայնքները, իսկ փոքր համայնքներն, ըստ նրա, ի վիճակի չեն այդ ծրագրերից օգտվել։ Այս մասին հայտնում է Panorama.am-ը:

Սուրեն Պապիկյանի խոսքով՝ խոշոր համայնքներն աչքի են ընկնում նաև կազմակերպական դրական միտումով:

«Մենք կարծում ենք, որ համայնքների հետագա խոշորացումը մեր կառավարության առաջիկա անելիքների մեջ է: 2020 թվականին խոշորացումները լինելու են ըստ իրավիճակի: Այսինքն` եթե կունենանք համայնքներ, որտեղ կստեղծվեն իրավիճակներ, ինչպես օրինակ ստեղծվել է Իջևան համայնքում, մենք կխոշորացնենք այդ համայնքները»,- ասել է նախարարը։

Նախարարը նշել է, որ այդ ուղղությամբ նաև օրենսդրական փոփոխություններ են իրականացնում։ Վերջինը, ըստ նրա, տեղական հանրաքվեների ինստիտուտի վերափոխումն էր, երբ համայնքներին խորհրդատվական ձայնի հնարավորություն է տրվում, որ նրանք կարողանան իրենց ձայնը հանրաքվեի միջոցով լսելի դարձնել:

Սուրեն Պապիկյանը նաև ասել է, որ առաջիկայում հանրային քննարկման կդրվի հանրապետության բոլոր խոշոր և խոշորացված համայնքերում համամասնական ընտրակարգի ներդրման հարցը։