ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է, որ Մեղրին կգազաֆիկացվի:

«Մեղրիի գազաֆիկացման համար պատրաստ ենք տրամադրել գումար: Համայնքի կողմից և որոշակի ֆինանսներ տրամադրած սուբյեկտի կողմից իրականացվել է նախագիծը: Կառավարությունը պատրաստակամություն հայտնել է, տարեվերջին այդ գումարի փոխանցումը կկատարենք, Մեղրին կգազաֆիկացվի: Ուղղակի ֆիզիկապես միանգամից հնարավոր չէ ամեն ինչ անել»,- ասել է նա, հայտնում է Shantnews.am-ը:

Նախարարը խոսել է նաև խմելու ջրով ապահովելուց հետո համայնքներում առաջացող անհարմարությունների մասին:

Ինչ վերաբերում է այդ աշխատանքներից հետո մնացած փոսերին ու անհարմարություններին, Պապիկյանը նախ շեշտել է՝ այս դժգոհությունը որևէ կոնկրետ համայնքի է վերաբերում, չի կարող համահարթ մոտեցում ցուցաբերել ու ասել՝ ամենուր այդպես է:

Նախարարը նկատել է՝ սա այն դեպքն է, երբ «երկու երնեկ» մի տեղ չեն լինում, այսինքն՝ նախ` պիտի ջուրը քաշվի, հետո ճանապարհը բարեկարգվի: