Հայկական բնապահպանական ճակատը ֆեյսբուքյան էջում անդրադարձ է կատարվել Արարատյան դաշտում իրականացվող ձկնաբիզնեսին և դրա էկոլոգիական աղետալի վիճակին։

«Արարատյան հարթավայրում արդեն 10 տարի է՝ ձկնաբիզնեսը ծաղկում է: Դրան հովանավորել են պետական մակարդակով: Ինչո՞ւ, որովհետև հենց պետական համակարգի պաշտոնյաներն են ջրի անվերահսկելի ծավալներ օգտագործել և զարգացրել ձկնաբիզնեսն Արարատյան դաշտում: Դրա հետևաքով առաջացել է ստորերկրյա ջրերի գերսպառում և էկոլոգիական ու սոցիալական աղետալի վիճակ։

Արտեզյան ավազանի գերսպառողները եղել և մնում են պետական պաշտոններ զբաղեցնող կամ նրանց հետ փոխկապակցված անձինք։ Կառավարության տված արտոնություններից հենց նրանք են օգտվել։ Խոշոր ձկնաբուծական տնտեսություններ են հիմնել ԱԺ պատգամավոր, «Ծառուկյան» դաշինքի առաջնորդ Գագիկ Ծառուկյանը, նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը և եղբայրը, ԱԺ նախկին պատգամավոր Սամվել Ալեքսանյանը, Ֆինանսների նախկին փոխնախարար Տիգրան Բարսեղյանը, Առողջապահության նախկին փոխնախարար Վահան Պողոսյանը, Բնապահպանության նախկին նախարար Արամ Հարությունյանի վարորդը ու Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Երևանի տարածքային բաժնի պետի եղբայրը, ինչպես նաև՝ այլք»։