Ոստիկանները բերման են ենթարկել ԵՊՀ ուսանողական խորհրդի նախագահ Դավիթ Ափոյանին։ Այդ մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է ԵՊՀ ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոնի տնօրեն Վահագն Վարագյանը:

Նա նաև տեսանյութ է հրապարակել՝ Դավիթ Ափոյանին բերման են ենթարկել հենց ԵՊՀ շենքից։

ՀՀ քննչական կոմիտեից հայտնել են, որ Ափոյանը բերման է ենթարկվել խուլիգանության գործով: Ճշտող հարցին ի պատասխան ՔԿ-ից նշել են, որ նշված քրգործը կապ ունի մի քանի օր առաջ ԵՊՀ բակում հնչած կրակոցների հետ: Այս մասին գրում է ՊանԱրմենիան-ը։

ՔԿ-ից նշել են, որ Ափոյանը հարցաքննվելու է որպես վկա:

ԵՊՀ ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոնի տնօրեն Վահագն Վարագյանը, տեղեկանալով, որ Ափոյանը բերման է ենթարկվել խուլիգանության գործով՝ նշել է, որ ԵՊՀ ՈՒԽ նախագահը չի կարող առնչություն ունենալ խուլիգանության հետ ու սա սադրանք է:

«Դավիթ Ափոյանը որևէ առնչություն չի կարող ունենալ խուլիգանության հետ, դա իշխանությանը բնորոշ հերթական սադրանք է: Ափոյանը խուլիգանության հետ կապ ունի այնքան, որքան կապ կարող է ունենալ Արայիկ Հարությունյանը»,- եզրափակել է Վարագյանը:

Արձագանքելով հարցին, թե Ափոյանը բերման է ենթարկվել ռեկտորի հետ առանձնազրույցից հետո՝ Վարագյանը նշել է, որ տեղյակ չէ այդ հարցից ու մանրամասներ չի կարող հայտնել: