Չնայած նախազգուշացումներին, ամեն տարի տոների ժամանակ պայթուցիկների և հրավառության համար նախատեսված նյութերի հետ անվտանգության կանոնները չպահպանելու հետևանքով տասնյակից ավելի դժբախտ դեպքեր են գրանցվում: Շատերը, այդ թվում՝ անչափահասները, փորձում են ճայթուկների ու հրավառությունների միջոցով տոնական տրամադրություն ապահովել, մինչդեռ երբեմն հակառակ արդյունքն է լինում։

«Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի պլաստիկ վիրաբույժ Արթուր Հարությունյանը հորդորում է ծնողներին՝ Ամանորին ընդառաջ հնարավորինս զերծ պահել երեխաներին պայթուցիկների հետ շփումից:

Վիրաբույժն հարցազրույցի ժամանակ ասել է, որ ամեն տարի դեկտեմբերի 20-ից սկսած պայթուցիկների պատճառով լուրջ վնասվածքներով դեպքեր են ունենում, սակայն այս անգամ առաջին դեպքը գրանցվել է ավելի շուտ՝ դեկտեմբերի 2-ին։ Տուժածը 10-ամյա Գարուշն էր, որ դպրոցից տուն վերադառնալիս պայթուցիկ է գնել, բերել տուն ու հենց տանն էլ վառել այն։ Պայթուցիկը տրաքել է հենց ձեռքի մեջ, վնասել նրա աջ ձեռքի երեք մատները. բութն ու ցուցամատն ամպուտացրել են, միջնամատը հաջողվել է փրկել։ Այս մասին գրում է «Պանորամա»-ն։

Վիրաբույժի խոսքով՝ ցանկացած պայթուցիկ վտանգավոր է, առավել վտանգավոր է, երբ այն անորակ է և չեն պահպանվում անվտանգության կանոնները, հաճախ այն ձեռքին պահած են վառում, ինչն էլ անդառնալի հետևանքներ է ունենում։

«Երեխաների մոտ միշտ վնասվածքն ավելի մեծ է լինում, քանի որ նրանց ձեռքը փոքր է, նուրբ ու փխրուն, ոսկորերն էլ ամուր չեն, իսկ մեծահասակների մոտ հնարավոր է լուրջ վնասվածք չլինի, իսկ նույն պայթուցիկից երեխան կարող է կորցնել մատները»,- ասում է Արթուր Հարությունյանը։

Վիրաբույժը խոստովանում է՝ Ամանորի գիշերը երբեք ալկոհոլ չի օգտագործում, քանի որ ամեն վայրկյան կարող է հիվանդանոցից կանչեն.

«Ամեն տարի ամանորն անցկացնում ենք հիվանդանոցում։ Տարիներ առաջ դեկտեմբերի 31-ի գիշերը գնացել ենք հիվանդանոց, իսկ տուն վերադարձել միայն հունվարի 2-ին։ Այդ ժամանակ երկու օրում 7 դեպք են ունեցել»։

Արթուր Հարությունյանի խոսքով՝ վերջին տարիներին հաճախ են պայթուցիկների վտանգավորության մասին բարձրաձայնում, դա որոշ չափով դրական ազդեցություն է ունեցել, սակայն ոչ բոլորն են գիտակցում, թե դա ինչ սարսափելի հետևանքեր կարող է ունենալ։ Առավել ցավալի է, ըստ նրա, որ այդ պայթուցիկները երեխաների համար մեծահասակներն են գնում։

Աշխատանքային գործունեության ընթացքում նման դեպքերի ականատես եղած վիրաբույժը պատմում է երկու տարի առաջ «Սուրբ Աստվածամայր» ԲԿ տեղափոխված մի աղջկա մասին, որը տուժել էր «սալյուտի» հետ սխալ վառվելու հետևանքով առաջացած պայթյունից։

Արթուր Հարությունյանը նշում է, որ 2018 թ-ի դեկտեմբերին և 2019թ-ի հունվարին իրենց հիվանդանոցում գրանցվել է մոտ մեկ տասնյակ դեպք, որից 4-ը լուրջ վնասվածքներով։ Սակայն, ըստ վիրաբույժի, այդքան տուժած միայն իրենց հիվանդանոց է տեղափոխվել, մինչդեռ ամեն տարի «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիրը ևս տուժածների պակաս չի ունենում։ Նրա խոսքով՝ լինում են նաև այնպիսի վնասվածքներ, որ տուժածներն օգնություն են ստանում ակնաբուժական կլինիկաներում ու Այրվածքաբանության ինստիտուտում։

Վիրաբույժը հորդորում է ծնողներին չգնել այդ չարաբաստիկ պայթուցիկները և երեխաներին ամեն օր հիշեցնել դրանց վտանգների մասին։