Երևանի տրանսպորտային նոր ցանցի ներդրման համար պահանջվում է շուրջ 850 ավտոբուս, 2020թ-ի փետրվարին ավտոբուսների համար մրցույթ կհայտարարվի:

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը՝ հավելելով, որ նախատեսվում է ավտոբուսները մատակարարել փուլերով:

«Ակնկալվում է, որ առաջին խմբաքանակը Երևանում կլինի 2020թ-ի ընթացքում: Ավագանու նիստում քաղաքապետի առաջին տեղակալ Հրաչ Սարգսյանը տեղեկացրեց, որ արդեն երկու օր է՝ ընդհանուր համաձայնություն է ձեռք բերվել Կառավարության և դոնոր կազմակերպության հետ: Նախնական տեղեկատվությամբ, 2020թ-ի փետրվարին Երևանի նոր տրանսպորտային համակարգի ավտոբուսների համար մրցույթ կհայտարարվի»,- գրել է Կարապետյանը:

Քաղաքապետի մամուլի խոսնակը նշել է, որ այս փուլում համապատասխան մասնագետներ են ներգրավում՝ տրանսպորտային միջոցների ձեռքբերման մրցութային փաթեթները նախապատրաստելու համար: