Հայաստանի ազգային կինոկենտրոնը հրապարակում է կատարել ֆեյսբուքյան էջում առաջիկայում սպասվող իրադարձության մասին, որի բովանդակությունը ներկայացնում ենք ստորև․

«Հարգելի՛ կինոարտադրողներ,

Սիրով տեղեկացնում ենք, որ 2020թ-ին Հայաստանի ազգային կինոկենտրոնը, Բեռլինալե 70-րդ միջազգային կինոփառատոնի շրջանակներում գործող Եվրոպական կինոշուկայում առաջին անգամ կմասնակցի առանձին տաղավարով: Հայկական տաղավարը հնարավորություն կընձեռի հայաստանյան կինոարտադրողներին՝ ներկայացնելու իրենց նախագծերը և ֆիլմերը:

Հայաստանի ազգային կինոկենտրոնը՝ հատուկ Բեռլինալեի Եվրոպական շուկայի համար հրատարակելու է կատալոգ, որտեղ կարող են ընդգրկվել 2019-2020թթ. հայկական արտադրության նախագծերը, այդ թվում՝ 2019-2020թթ. պետական աջակցություն ստացած ֆիլմերն ու կինոնախագծերը, ինչպես նաև այն կինոարտադրողները, որոնք մասնակցելու են կինոշուկային և ցանկություն ունեն ընդգրկվել (ֆիլմերով, ֆիլմերի նախագծերով) հրատարակվելիք կատալոգում:

Հայտերն ընդունվում են միայն անգլերեն լեզվով:

Խնդրում ենք լրացնել հայտադիմումը մինչև 2020 թ․ հունվարի 15-ը»: