Արարատի մարզի Մասիս համայնքի ղեկավարի կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպք է բացահայտվել: Այս մասին հաղորդում են ՀՀ ազգային անվտանգության ծառայությունից:

Ձեռք բերված նախնական տվյալների համաձայն` Արարատի մարզի Մասիսի համայնքապետարանի աշխատակիցներն ու ավագանու անդամները, 2007-2008 թթ. ընթացքում, գործելով համայնքի ղեկավարի ցուցումով, համայնքի ավագանու անդամներից մեկին դիտարկել են որպես սոցիալապես անապահով անձի, նվիրատվությամբ, ավագանու որոշման հիման վրա վերջինիս օտարել են համայնքի սեփականությունը հանդիսացող և ՓԲ ընկերություններից մեկի կողմից զբաղեցված 833.2քմ մակերեսով վարչական շենքը, ապա ուղղակի վաճառքով, մեկ այլ որոշմամբ, նույն ավագանու անդամին օտարել են նշված ընկերության կողմից զբաղեցված 299քմ մակերեսով հողատարածքը»,- ասվում է ԱԱԾ հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ այնուհետ նշված վարչական տարածքն ու հողատարածքը նվիրաբերել են համայնքի ղեկավարի կողմից մատնանշված անձանց` վերջինիս որդուն և ՀՀ նախկին ոստիկանապետի դստերը:

Այսպիսով, խաթարվել է պետական մարմնի բնականոն գործունեությունը, չեն պահպանվել համայնքային սեփականությունը հանդիսացող գույքի և հողատարածքների օտարումը կարգավորող իրավանորմերի պահանջները, որի արդյունքում ՀՀ-ին պատկանող առանձնապես խոշոր արժեք ունեցող գույքն ու հողատարածքը ոչ իրավաչափ կերպով օտարվել է:

ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ` համապատասխան հոդվածների հատկանիշներով: Կատարվում է նախաքննություն: