Նպաստ ստացող ընտանիքի աշխատունակ անդամին 2 անգամ համապատասխան աշխատանք առաջարկելու և մերժում ստանալուց հետո պետությունը կդիտարկի նպաստից զրկելու տարբերակը:

Այս մասին նախագծին հավանություն է տվել կառավարությունը:

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը նշել է, որ նախագծի մշակումը բխում է ՀՀ կառավարության ծրագրով սահմանված աշխատանքի խրախուսման միջոցով ընտանիքի կայուն եկամտի աղբյուրների ստեղծման, աղքատության հաղթահարման, ինչպես նաև սոցիալական աջակցությունն ավելի հասցեական դարձնելու նպատակից:

«Նախագծով առաջարկվում է հնարավորություն տալ ընտանեկան կամ սոցիալական նպաստ ստացող ընտանիքի աշխատունակ անդամներին աշխատանքի անցնելու դեպքում 6 ամիս շարունակ ստանալ նպաստ: Այս փոփոխությամբ, ընտանիքի աշխատունակ, բայց գործազուրկի կարգավիճակ ունեցող անդամի հետ Զբաղվածության պետական գործակալության աշխատանք պետք է տանի: Աշխատանքի անցնելու դեպքում ևս 6 ամիս նպաստ պետք է տրամադրվի: Սակայն այն պարագայում, երբ անձը կհրաժարվի իրեն արված 2 հարմար աշխատանքների առաջարկից, տեղի կունենա անապահովության միավորի կտրուկ նվազում՝ հանգեցնելով նաև նպաստի իրավունքի կորստի»,- ասել է Բաթոյանը:

Նախարարի խոսքով՝ փոփոխությունը նախատեսվում է 2020թ-ի ապրիլից, այն կվերաբերի համակարգ մուտք գործելու համար նոր դիմող քաղաքացիներին:

Նախատեսվում է նաև սահմանափակել սոցիալական որևէ խումբ չունեցող քաղաքացիների պետական նպաստի համակարգում ընգրկվելու հնարավորությունը: Նպաստառուների ցանկ մուտք գործելու համար հաշվի է առնվելու նաև 100,000 դրամ և ավելի միջին ամսական վարկային մարում կատարելու հանգամանքը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ այս բարեփոխումը լուծելու է հասցեակաության հարցը: