Համալրում ու թարմացնում ենք զենքը Նախիջևանի ուղղությամբ․ ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ
Հայկական կողմը համալրում և թարմացնում է զենքը Նախիջևանի ուղղությամբ: Այդ մասին հայտնել է ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը՝ նշելով, որ ադրբեջանական կողմը ներկայում գործակցում է Թուրքիայի հետ՝ Նախիջևանի ուղղությունը ուժեղացնելու համար:
Նա հավելել է, որ Հայաստանի սահմաններին հայկական ուժերի գերիշխող դիրքերը 30-40% ավելի շատ են, քան հակառակորդինը: Արտակ Դավթյանի խոսքով՝ կոնկրետ Նախիջևանի ուղղությունում կան որոշ փոփոխություններ, բայց դրանք էական չեն, հայտնում է Shantnews.am-ը:
Գեներալը նաև տեղեկացրել է, որ ճանապարհաշինական աշխատանքներ են իրականացրել, որոնք թույլ են տալիս ավելի արագացնել զորքերը առաջնագիծ հասցնելը՝ նախկին 3 ժամվա փոխարեն հիմա 40 րոպե կտևի:
Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետը հայտնել է նաև, որ ներկայումս ունեն զենքի գնման 80 պայմանագիր, որոնց մի մասը երկարաժամկետ են ու կնքվել են նախկին իշխանության օրոք:
Դավթյանի խոսքով՝ Սու-30 ինքնաթիռների պայմանագիրը կնքվել է նոր իշխանությունների կողմից: Ինչ վերաբերում է «ՏՈՐ» հակաօդային զինատեսակին, Դավթյանը բնորոշեց, որ և՛ նախկին, և՛ նոր իշխանությունների աշխատանքի արդյունք է: Նա ասաց, որ որոշումը կար, սակայն սառեցված էր: