Դեկտեմբերի 24-ին և 25-ին «Արմավիր» և «Աբովյան» քրեակատարողական հիմնարկներում պահվող շուրջ 167 ազատազրկված անձինք` «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից ստացել են հավաստագրեր և վկայագրեր, իսկ անչափահաս դատապարտյալները և կալանավորված անձինք` գրքեր՝ «Իրավախախտում կատարած անձանց 2019թ-ի գեղագիտական դաստիարակություն և կրթություն» ծրագրի շրջանակում։

Անազատության մեջ գտնվող անձանց վերասոցիալականացման դասերի մեկնարկը տրվել էր 2019թ-ի փետրվարի 1-ին։ Այս ընթացքում դատապարտյալները և կալանավորված անձինք ուսումնասիրել են բիզնես գրագիտություն, հայոց լեզու և գրականություն, անգլերեն, համակարգչային հմտություններ, դեկորատիվ կիրառական արվեստ (վիտրաժ, գծանկար, բատիկա, մանրանկարչություն զարդակիրառական արվեստ, խեցեգործույուն) առարկաները:

ՔԿՀ-ում վերասոցիալականացման և հանրակրթություն ծրագիրը կրում է շարունակական բնույթ, ծրագրերի նպատակն է. կրթության միջոցով փոխել անազատության մեջ հայտնված անձանց վարքը, արժեհամակարգը, մտածողությունը և հասարակական նորմերի ընդունումը:

Հաջորդ տարի «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ը «Իրավախախտում կատարած անձանց գեղագիտական դաստիարակություն և կրթություն» ծրագրերի շրջանակում նախատեսում է իրականացնել նոր խմբերի համալրում` կապված դասերի և առարկաների կարիքների պահանջից: Նախատեսվում է նաև ՀՀ արդարադատության և Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունների կողմից քննարկել 19 տարեկանից բարձր իրավախախտում կատարած անձանց հանրակրթական ծրագիր անցնելու իրավունքը: