Երևանի քաղաքապետարանի համապատասխան բաժնի կողմից կաստինգով ընտրված Ձմեռ պապերը հրապարակում լուսանկարվելու դիմաց գումար պահանջելու դեպքում կձերբակալվեն:

Այս մասին Երևանի ավագանու հերթական նիստի ժամանակ ասել է փոխքաղաքապետ Սերգեյ Հարությունյանը: Փոխքաղաքպետը նշել է, որ լուսանկարվելու դիմաց գումար պահանջելու դեպք արձանագրվել է, սակայն որևէ մեկն իրավունք չունի նման պահանջ ներկայացնել:

«Ոստիկանությանն ասել եմ, որ խիստ արձագանք տա նման դեպքում: Ամենայն հավանականությամբ ինչ-որ մեկը գնում և փորձում է այնտեղ կողքից փող աշխատել: Չկա տենց բան: Ձյունանուշիկներն ու Ձմեռ պապիկները, որոնք մեզ մոտ կասթինգով անցել են, իրենք ևս փող ուզելու իրավունք չունեն»,- ասել է փոխքաղաքապետը:

Հարությունյանը նշել է, որ հաճախ պայմանավորվածություններ են ձեռք բերվում, աշխատանքը արվում է թեյավճարի սկզբունքով:

«Նրանցից մեկի հետ երկար զրույցից հետո պարզեցի, ասում է՝ մենք գալիս ենք, մի երկու ժամ էստեղ աշխատում ենք, որի արդյունքում աչքի ենք ընկնում, և ծնողները մեզ հաճախ հրավիրում են տուն, պայմանավորվածություն են ձեռք բերում: Այսինքն, թեյավճարի սկզբունք կարող է լինել, բայց փող ուզելու իրավունք չունեն, որովհետև իրենց կաստինգն անցնում է քաղաքապետարանում: Դա շատ հետաքրքիր պրոցես է: Իսկ փող ուզելու դեպքում, ես ոստիկանությանն ասել եմ՝ անմիջապես ձերբակալեք, որովհետև դա ապօրինի ձեռնարկատիրություն է»,-ասել է փոխքաղաքապետը: