Երևանում այսօր մեկնարկեց Համայնքների դիմակայունության ֆորումը: Այն նախաձեռնել էր «ՕքսԵՋեն» հիմնադրամը և «Սեյվ դը չիլդրեն ինթերնեշնլ» կազմակերպության հայաստանյան ներկայացուցչությունը՝ ՀՀ արտակարգ իրավիճակների, ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարությունների, ՄԱԿ-ի զարգացման ծրագրի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի, Հայկական Կարմիր խաչի ընկերության և Աղետների ռիսկի նվազեցման ազգային պլատֆորմի հետ սերտ համագործակցությամբ:

«Սեյվ դը չիլդրեն» կազմակերպության մամուլի ծառայությունից հայտնում են թե ֆորումի նպատակն է խթանել աղետների ռիսկի կառավարման գործընթացը համայնքային մակարդակում՝ դրանով իսկ նպաստելով համայնքների դիմակայունության բարձրացմանը:

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանը նշեց, որ արդեն իսկ հաստատվել է «Աղետների ռիսկի կառավարումը տեղական մակարդակում» կիրառական ուղեցույցը, որով համայնքներում սեփական ուժերով պետք է իրականացվեն վտանգների, խոցելիության և կարողությունների բացահայտման գործընթացները: «Դրանց արդյունքում մշակված ԱՌՆ միջոցառումների ներառումը համայնքների զարգացման ծրագրերում խիստ անհրաժեշտ է՝ համայնքներում կայուն զարգացման և դիմակայունության բարձրացման նկատառումներից ելնելով», - ընդգծեց նախարարը:

ՀՀ-ում Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին, կարևորելով ֆորումը, նշեց, որ այս տարի մենք նշում ենք աղետալի երկրաշարժի 30-ամյա տարելիցը և այդ ժամանակից ի վեր ռիսկերը տարածաշրջանում և ընդհանրապես աշխարհում միայն աճել են:

«Սեյվ դը չիլդրեն ինթերնեշնլ» հայաստանյան ներկայացուցչության ղեկավար Աստղիկ Մովսիսյանը հավելեց«Մեր բազմաթիվ հետազոտությունները ցույց են տալիս, որ երեխաները ցանկանում են և կարող են մասնակից դառնալ հասարակության զարգացման տարբեր գործընթացներին»։

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության ներկայացուցիչ Արա Ասլանյանը ներկայացրեց մարզային մակարդակում ռիսկերի գնահատման արդյունքները և ցույց տվեց, որ մինչ օրս շատ քիչ քայլեր են ձեռնարկվել ի հայտ եկած խնդիրները լուծելու և համայնքների դիմակայունությունը բարձրացնելու ուղղությամբ: