ԱԱԾ-ն կաշառք ստանալու դեպք է բացահայտել Առինջի համայնքապետարանում
Ազգային անվտանգության ծառայությունը հայտնում է, որ բացահայտել է Կոտայքի մարզի Առինջ համայնքի համայնքապետարանի պաշտոնատար անձանց կողմից կոռուպցիոն բնույթի առերևույթ հանցագործության կատարման դեպք:
ԱԱԾ մամուլի կենտրոնի հաղորդագրության համաձայն` իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ Առինջի համայնքապետարանի պաշտոնատար անձինք, նույն համայնքում գտնվող հողատարածքը քաղաքացու անվամբ գրանցելու, կադաստրային ձևակերպումներ կատարելու գործընթացում իրենց լիազորությունների սահմաններում գործողություններ կատարելու պատրվակով, նշված քաղաքացուց 2016թ. ընթացքում պահանջել և որպես կաշառք առձեռն ստացել են 3.784.000 ՀՀ դրամին համարժեք 8.000 ԱՄՆ դոլար գումար: Արդյունքում նշված հողատարածքը համայնքապետարանից անցել է նշված քաղաքացու տնօրինմանը:
ԱԱԾ քննչական դեպարտամենտում դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ` համապատասխան հոդվածների հատկանիշներով: Կատարվում է նախաքննություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի համար կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։