Հունվարի 8-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոն և Նորք-Մարաշի նստավայրում ընթացող դատական նիստում ՀՔԾ-ն միջնորդել է կրկին կալանավորել Հրայր Թովմասյանի սանիկ Նորայր Փանոսյանին: Դատական նիստը նախագահում է դատավոր Գագիկ Պողոսյանը:

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 26-ին ՀՔԾ-ն ևս մեկ դրվագով լրացրել էր Նորայր Փանոսյանին առաջադրված մեղադրանքը: Նրան մեղադրանք էր առաջադրվել 308-րդ հոդվածի 2-րդ մասով (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որ առաջացրել է ծանր հետևանքներ): Այդ նույն գործով մեղադրանք էր առաջադրվել նաև ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանին: ՔԿ-ի տարածած հաղորդագրության մեջ ասվում էր, որ տվյալներ են ձեռք բերվել Հրայր Թովմասյանի արդարադատության նախարար եղած ժամանակահատվածում Նորայր Փանոսյանի, արդարադատության նախարարության ու Երևանի քաղաքապետարանի այլ պաշտոնատար անձանց կողմից իրենց պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպքերի վերաբերյալ:

Նշենք, որ Ն.Փանոսյանին կալանավորելու որոշումը կայացրել էր դատավոր Արտուշ Գաբրիելյանը: Իսկ Վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Սերգեյ Մարաբյանի նախագահությամբ, նոյեմբերի 6-ին որոշել էր կալանքից ազատել Հրայր Թովմասյանի սանիկին, որը կալանքի տակ էր սեպտեմբերի 28-ից: