60 տարեկանում մահացել է Հայաստանի կոմպոզիտորների միության անդամ, երաժշտագետ Ռուբեն Տերտերյանը՝ կոմպոզիտոր Ավետ Տերտերյանի որդին: Այս մասին հայտնում են Կոմպոզիտորների միությունից:

1977-1982 թթ-ին Ռուբեն Տերտերյանը սովորել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի երաժշտագիտության բաժնում, 1982-1986 թթ-ին՝ ԽՍՍՀ Մշակույթի նախարարության Արվեստի գիտահետազոտական ինստիտուտում։

1982-1994թթ-ին դասավանդել է Երևանի պետական կոնսերվատորիայում, 1983-1985 թթ-ին եղել է ՀԽՍՀ Կոմպոզիտորների միության ավագ խորհրդատու։ 1985-1988 թթ-ին վարել է Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի փոխտնօրենի պաշտոնը, 1989-1993թթ-ին՝ Հայհամերգին կից «Դերասան» համերգների կազմակերպչական կոպերատիվի տնօրենի պաշտոնը, 1995-2000 թթ-ին Բուենոս Այրեսի (Արգենտինա) Հայ կենտրոնի թատերախմբում աշխատել է որպես երաժշտական ձևավորող, 2003-2010թթ-ին դասավանդել է Կուենկայի (Էկվադոր) համալսարանի Արվեստի ֆակուլտետում։ 2004-2008թթ-ին եղել է Կուենկայի համալսարանի Երաժշտական բաժնի տնօրենը, 2008-2010թթ-ին՝ Կուենկայի համալսարանի Երաժշտական կրթության մագիստրատուրայի տնօրեն, 2009-2010թթ-ին՝ Էկվադորի կաթոլիկ համալսարանի Կիտո քաղաքի (Էկվադոր) Երաժշտական կրթության մագիստրատուրայի տնօրեն։ 2011թ-ից եղել է Երևանի կոնսերվատորիայում պատմության և տեսության ամբիոնի դասախոս է և պրոռեկտոր: Հեղինակել է ավելի քան 150 գիտական և հրապարակախոսական հոդվածներ, որոնք հրատարակվել են գիտական ժողովածուներում, ամսագրերում և թերթերում` Երևանում, Մոսկվայում, Բունեոս-Այրեսում, Կուենկայում, Կիտոյում (հայերեն, ռուսերեն, իսպաներեն, անգլերեն լեզուներով):

Հեղինակել է նաև ավելի քան 30 ռադիո և հեռուստահաղորդումներ: Հրատարակվել են նրա «Ավետ Տերտերյան» (1989թ., ռուսերեն), «Երաժշտական դրամատուրգիա» (2007թ., ռուսերեն), «Ավետ Տերտերյան. Երկխոսություններ» (2011թ., ռուսերեն), «Խիստ ոճի կոնտրապունկտ» (2012թ., իսպաներեն), «Կոնտրապունկտ. Ֆուգա» (2012թ., իսպաներեն) աշխատությունները: